ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ
Սեպտեմբերի 10-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մանրամասն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ բարձր մակարդակով անցկացնելու այս կարևոր միջոցառումը:
Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ ԱԳ նախարար Մնացականյանը որպես գերակա ուղղություն առանձնացրեց սմարթ զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը: