Սմբատ Գոգյանը պատրաստ է հրաժարվել պաշտոնից, եթե որևէ մեկն ապացուցի, որ իր աշխատանքն արժանի չէ դոկտորի գիտական աստիճանի

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, եթե որևէ մեկը հիմնավոր կերպով ապացուցի, որ իր գրած աշխատանքն արժանի չէ դոկտորի գիտական աստիճանի:

«Օգոստոսի վերջին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ինձ շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, բայց ես այդ վկայագիրը դեռ չեմ վերցրել: Եվ հիմա հայտարարում եմ՝ եթե Հայաստանում մաթեմատիկայի ոլորտից կգտնվի գիտությունների մի թեկնածու կամ դոկտոր, ով կհամարի, որ ես արժանի չեմ դոկտորի գիտական աստիճանի, և պատրաստ է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել քննարկում, որտեղ կներկայացնի իմ ատենախոսության բոլոր դրույթները, կկարողանա տեխնիկապես ապացուցել և ասել, որ իմ գրած աշխատանքը արժանի չէ, որ ես դառնամ Հայաստանում գիտությունների դոկտոր, ես պատրաստ եմ իմ վկայագիրը թողնել սեղանին և դուրս գալ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե նման բան տեղի չունենա, ապա սեպտեմբերի 17-ին Գոգյանը կվերցնի իր վկայագիրը։

Սմբատ Գոգյանն իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է մայիսի 24-ին, ԲՈԿ է տարել հունիսի 6-ին, իսկ ԲՈԿ նախագահ նշանակվել է միայն հունիսի 11-ին: Նա նշեց՝ սկզբում բաժնի պետն անհարմար է զգացել՝ չիմանալով ինչ անել, ինքը վստահեցրել է՝ ատենախոսության հետ կապված որոշմանը չի մասնակցելու.

«Ես ասել եմ՝ քանի որ նախարարն իմ վերադասն է, բոլոր հարցերը նախարարի հետ պետք է քննարկել: Օգոստոսի վերջին իմացա, որ այդպես էլ արել են, զեկուցել են նախարարին, և նա հրաման է տվել, որ ինձ շնորհեն գիտությունների դոկտորի աստիճան: Մերժումը կամ հաստատումը ոչ մի կերպ չէր անդրադառնալ նրանց նկատմամբ իմ վերաբերմունքի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս