Հոկայդոյում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 16-ի
Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 16-ի: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատունը:
«Ներկա պահին մենք կարող ենք հաստատել 16 մարդու զոհվելը, եւս 26 հոգի անհայտ կորած է համարվում»,- ասված է դիվանատան հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տարերքի հարվածից տուժել է 300 մարդ: Երկրաշարժը սողանքներ է առաջացրել լեռնային շրջաններում, որտեղ կան բազմաթիվ ոչ մեծ ավաններ:
Երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն հայտնել է որ ավելի քան 1,5 մլն տուն առանց լույսի է մնում Հոկայդո կղզում: Տեղական իշխանությունների տվյալներով՝ պրեֆեկտուրայի Էներգամատակարարման լիակատար վերականգնման համար կպահանջվի մի քանի օր:
6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:12-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու հարավ-արեւմուտքի Իբուրի շրջանում, իսկ օջախը՝ մոտավորապես 37 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: