Բաժիններ՝

Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Դիլիջանում «Պանորամա» քայլարշավային ուղու բացման նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին համայնքապետեր, մարզպետի տեղակալը, առաջատար մասնագետներ երկրամասային վարչակազմից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև հորիզոնական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ նմանօրինակ փոխայցելությունները նոր մակարդակի են բարձրացնում երկկողմ շփումների որակը։ «Մենք ոգևորված ենք տարեցտարի ամրապնդվող գործընկերային բարձր մակարդակի հարաբերություններից, որի առարկայական վկայությունն է հանդիսանում Տավուշ-Ռեգեն միջտարածաշրջանային համագործակցության հաջող փորձը»,-ասել է փոխնախարարը։

Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլը իր և պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրենց ցուցաբերված անչափ սիրալիր ընդունելության համար և համոզվածությամբ հավելել, որ առկա համագործակցությունը դուրս կգա զուտ տնտեսական, քաղաքական և սոցիալական հարթությունից ու կտեղափոխվի երկու երկրների և ժողովուրդների միջև սերտ բարեկամության տիրույթ։
Անդրադառնալով հայ-գերմանական համագործակցության օրակարգում գտնվող գործնական ծրագրերին՝ Վաչե Տերտերյանը շեշտել է, որ երկու պետությունների միջև առկա է հորիզոնական-տարածաշրջանային համագործակցության հսկայական փաթեթ, որի արդյունքները դրականորեն արձանագրվում են ոչ միայն հայ-գերմանական պաշտոնական շրջանակների, այլև գործընկեր մյուս պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ «Մեզ համար շատ ուրախալի է այն փաստը, որ Ռեգենի հետ համագործակցությունն իր աշխարհագրությամբ դուրս է գալիս Տավուշի տարածաշրջանից և իր հնարավորություններով տեղափոխվում է Լոռու մարզ»,- նկատել է Վաչե Տերտերյանը։

Հանդիպման ավարտին Վաչե Տերտերյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի համար և ընդգծել, որ այն հիանալի հնարավորություն է՝ փնտրել և գտնել տարածաշրջանային համագործակցության այնպիսի եզրեր, որոնք իրենց հերթին լիցք կհաղորդեն միջպետական ընդլայնված փոխգործակցության հեռանկարին։

Տեղեկացնենք, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Դիլիջանում տեղի կունենան «Պանորամա» քայլարշավային ուղու պաշտոնական բացման արարողությունը: Ուղին հիմնադրվել է Հայաստանի Տավուշի մարզի և Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի միջև համագործակցության շրջանակներում՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի համագործակցության ընկերության կողմից (GIZ) Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ծրագրի գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (ՏԿԶՆ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս