Թրամփն սկանդալային հրապարակումներից հետո խոստացել է հաղթել 2020 թվականի ընտրություններում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վստահ է իր հաղթանակին 2020 թվականի նախագահական ընտրություններում, որոնցում նա պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետով։
«Մենք (ԱՄՆ-ի վարչակազմը) գերազանց աշխատանք ենք կատարում: Եվ գիտեք ինչ՝ ոչ ոք չի էլ մոտենա այն բանին, որ ինձ հաղթի 2020 թվականին: Եվ դրա պատճառն այն է, ինչ մենք անում ենք. մենք ավելին ենք արել, քան որեւէ մեկը կարող էր հնարավոր համարել երկու տարուց պակաս ժամանակում»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ի շերիֆների հետ կայացած հանդիպմանը:
Նախագահի հայտարարությունները հնչել են սկանդալային հրապարաոկումներից ֆոնին, որոնք վերջին օրերին հայտնվել են ԱՄՆ-ում: Մասնավորապես լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը՝ Սպիտակ տանը» գրքում նկարագրվում են Թրամփի վարչակազմի ներսում առկա հակասությունները:
Դրանում ասված է, որ վարչակազմի ղեկավարն անցյալ տարի էմոցիոնալ հրաման է տվել Պենտագոնին՝ ոչնչացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը չի կատարել այդ կարգադրությունը: Նաեւ հաղորդվում է որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին գործընկերների հետ զրույցի ժամանակ «ապուշ» է անվանել նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ հայտարարել, որ նա «կորցրել է դատողությունը»:
Բացի այդ, տեքստում ասված է, որ պաշտոնավարումից մեկ ամիս անց Թրամփը խնդրել է գեներալ Դանֆորդին՝ մշակել ԿԺԴՀ-ին կանխիչ հարված հասցնելու պլան, ինչը շշմեցրել է գեներալին: Բացի այդ , The New York Times-ը սեպտեմբերի 5-ին հրապարակել էր անանուն հեղինակի «Ես դիմադրության մաս եմ կազմում Թրամփի վարչակազմի ներսում» վերտառությամբ նյութը:
Հեղինակը, իրեն ներկայացնվելով որպես Սպտակ տան «բարձրաստիճան աշխատակից», հայտնել է վարչակազմում մի խումբ պաշտոնյաների գոյության մասին, որոնք հակազդում են նախագահի քաղաքականությանը: «Թրամփի վարչակազմի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ջանադրաբար աշխատում են, որպեսզի ներսից վիժեցնեն նրա կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մի մասը, ինչպես նաեւ խոչընդոտեն նրա վատագույն հակումների դրսեւորմանը»,- գրել է անանուն հեղինակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: