Ինչպես ճանաչել ես-ը` որպես անհատ և «ես»-ը` որպես անձ
Արտասովոր մարդ հռչակվելու մոլուցքը ժամանակի խնդիր է այսօր, բայց այդ արտասովոր մարդը սովորաբար ունի սահմանափակ դրսևորումներ, ինչպես մեղքը, որ միակերպ է բոլոր մարդկանց համար, և որը սահմանափակում է մարդու հնարավորությունները
: Ամեն տեղ մենք որակում ենք մեզ` դիմացինին մերժելով: Եթե ինքնահաստատումը դիմացինի մերժումն է, ապա այն ենթադրում է սիրո մերժում, քանի որ սիրել, նշանակում է ընդունել դիմացինի գոյությունը և ճանաչել նրա իրավունքները: Հաճախ մարդկային հարաբերություններ համարում ենք այն, ինչը պարզապես պայքար է, հակամարտություն, որի ժամանակ դիմացինին ոչ թե ճանաչում ենք, այլ անտեսում և սպանում հոգեպես:
Մեր «ես»-ը կկարողանանք հաղթահարել միայն սիրո մթնոլորտում: Երբ ասում ենք՝ «ես քեզ սիրում եմ», սկզբում «ես»-ը պատկերացնում ենք մեծատառով, «սիրում եմ» արտահայտությունը պատկերացնում ենք որպես կապ, իսկ «քեզ»-ը, որը պատկերացնում ենք փոքրատառ, ընդամենը մեր վերաբերմունքի օբյեկտն է: Երբ սերը աճում է, «ես»-ը դառնում է փոքրատառ, և «ես»-ը ու «քեզ»-ը հավասարվում են իրար, իսկ «սիրում եմ» արտահայտությունը դադարում է պարզ կապ լինելուց, այն դառնում է որակ: Մարդկային հարաբերությունները ստատիկ չեն, դրանք դինամիկ են: Այլ կերպ՝ «ես քեզ սիրում եմ» ձևակերպման մեջ, եթե սկզբում «ես»-ը կենտրոնն է, ապա սերը զորանալուն զուգահեռ կենտրոնը փոխվում է, կենտրոնը դառնում է «քեզ»-ը: Խոսքը այս դինամիկ հարաբերությունների մասին է:
Երբ որոշում ենք որակել մեր «ես»-ը իբրև անհատականություն, առաջինը, որ կարող ենք ինքներս մեզ հարցնել, հետևյալն է՝ ի՞նչ արժեք և իմաստ ունեն մեզ համար «ես քեզ սիրում եմ», «ես առանց քեզ չեմ կարող», «դու ինձ պետք ես» արտահայտությունները:
Բանն այն է, որ մեր պատկերացումների համաձայն այն, ինչ մեր մեջ մեզ դուր է գալիս մեր «ես»-ին է, իսկ ինչը վատն է, իմ «ես»-ը չէ, ուղղակի ստացվել է պատահականորեն: Իրականում վատը մեր մաշկին չի դիպչում, այլ մեր հոգու մեջ է արմատանում, և դա մեզ ավելի է զայրացնում: Մենք պիտի հասկանանք, որ Աստված մեզ թույլ է տալիս մեր չարիքները, մեր մեղքերը տեսնել այն ժամանակ, երբ վստահ է, որ ունենք բավականաչափ հավատք, և այդ հավատքով մենք կկարողանանք հաղթահարել չարիքը: Կարևորն այն է, որ մարդն ինքն իրեն տեսնի ամբողջականության մեջ` ոչ միայն լավը, այլև վատը:
Օրինակ՝ Աստված մեր ձեռքին տվել է մի նյութ, որպեսզի մի բան պատրաստենք: Մեր երևակայությունը, միտքը, ցանկությունը, կարողությունները պետք է համապատասխան լինեն այն նյութին, որը ունենք մեր ձեռքի տակ, քանի որ դրանք տարբեր բաներ են: Մեր միտքը պետք է իրականություն դառնա` համապատասխան մեր ձեռքի տակ ունեցած նյութի: Չենք կարող փայտե խաչ պատրաստել, եթե մեր ձեռքին ունենք երկաթ: Հետևաբար այդ նյութը մենք ենք, այդ նյութը մեր «ես»-ն է, և մենք պիտի փորձենք մեր կարողությունները, մեր բոլոր հնարավորությունները համապատասխանեցնել մեր «ես»-ին առողջ ինքնաճանաչողության միջոցով, քանի որ վերջին դատաստանին ոչ ոք չի հարցնելու մեզ, թե դու արդյո՞ք սուրբ Պետրոսն ես, այլ պիտի հարցնի` դու փորձեցի՞ր նմանվել Պետրոսին, թե՞ ոչ: Եվ այս հարցին պատասխանելու համար մենք պիտի փորձենք ճանաչել մեր «ես»-ը, ինքնաճանաչողության միջոցով վերագտնել մեր մարդկային կոչումը, վերագտնել մեր միությունը Աստծո հետ և իմաստավորել մեր կյանքը:
Հետևաբար մենք ինքնաճանաչողության երկու ճանապարհ ունենք` իբրև անհատ մերժելով ու հակադրվելով, և իբրև անձ, որ մաքրում է անհատականության ամեն տեսակ սխալ դրսևորումները, գտնում իր ամբողջականությունը և բացահայտում աստվածային իր պատկերը:
Եսայի քհն. Արթենյան