Փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցությունը գյուղնախարարության հիմնական առաջնահերթություններից է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հիմնական առաջնահերթություններից է փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցություն տրամադրելը: Գյուղացիական արտադրանքի զգալի մասը տալիս են հենց փոքր ու միջին տնտեսությունները: Պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:
«Մեր հիմնական առաջնահերթությունն է աջակցությունը փոքր և միջին գյուղատնտեսական արտադրություններին: Սակայն մենք չենք խոսում գյուղատնտեսությանը տրամադրվող սոցիալական աջակցության մասին: Պետական աջակցությունն ուղղված է լինելու սոցիալական գյուղատնտեսությունից անցումը եկամտաբեր գյուղատնտեսության, արդյունավետության և եկամտաբերության բարձրացմանը»,- ասաց նախարարը:
Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ արդյունավետության բարձրացման արդյունքում գների էական անկում չլինի, գոնե գյուղատնտեսությամբ զբաղվելու եկամտաբերությունը կբարձրանա: Հենց դա էլ նախարարության հիմնական գործառույթն է:
Նախարարի հավաստմամբ՝ գյուղատնտեսական արտադրանքի էական մասը տալիս են փոքր տնային կամ գյուղացիական տնտեսությունները, որոնք ունեն, օրինակ, փոքր այգի, 1-3 հեկտար վարելահող, 1-5 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:
Գյուղատնտեսությունը տալիս է Հայաստանի ներքին համախառն արտադրանքի 15 տոկոսը: Եթե հաշվի առնենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, ապա այդ թիվը կլինի 25 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում աշխատում է 350 000 մարդ: