«Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը և այլ թեկնածություններ էին առաջարկում:
Այս հայտարարությունը ուշագրավ է և արժանի ավելի մանրամասն վերլուծության:
Նախ, կարծում եմ, Բելառուսի նախագահը մինչև վերջ չի բացել թեման, և առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել առ հասարակ Հայաստանի նախագահությանը այդ կազմակերպության շրջանակներում: Դրված խնդիրը, վստահաբար, անձի ընտրության հարց չէր, քանզի եթե նախագահությունը պիտի անցներ Հայաստանին, ապա այլ երկրի ղեկավար Հայաստանից այլ թեկնածուների անուններ տալ չէր կարող:
Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հօգուտ մեր երկրի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծելու համար:
Ինչպես կրկին տեսանելի դարձավ Բելառուսի նախագահի հարցազրույցից, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը և դրա մեխանիզմը մեծապես ազդել են ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա և խոցել են ՀԱՊԿ-ի հեղինակությունը:
ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին և Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում:
Ի մի բերելով վերոհիշյալը՝ պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ: Ակհնայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար»: