«Արսենալ»-«Վեսթ Հեմ». ինչպե՞ս կավարտվի լոնդոնյան դերբին
Ունայ Էմերիի «Արսենալը» լոնդոնյան դերբիում իր ուժերը կչափի «Վեսթ Հեմի» հետ: Արդյո՞ք «զինագործները» կկարողանան հաղթել երրորդ խաղում:
«Արսենալ»
Արսեն Վենգերի հետ վերջին 2 անհաջող մրցաշրջաններից հետո «Արսենալը» փորձում է վերադառնալ Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների շարքերը: Իրավիճակը փրկել փորձում է Ունայի Էմերին, ով չկարողացավ մեծ բարձունքների հասնել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հետ:
Չնայած Պրեմիեր լիգայի առաջին երկու տուրերում գրանցած պարտություններին՝ «Արսենալը» նման չէ վերակենդանացման կարիք ունեցող խորտակվող թիմի:
Մրցաշրջանից առաջ լոնդոնցիները ոչ միայն պահպանեցին ակումբի հիմքը, այլև համալրեցին կազմն ուժեղ ֆուտբոլիստներով: «Արսենալը» մրցաշրջանին նախապատրաստվելիս մասնակցեց ընկերական մրցաշարի և բավականին հաջող արդյունքներ գրանցեց:
Խաղից առաջ «Արսենալը» կազմի հետ կապված լուրջ խնդիրներ չունի:
«Վեսթ Հեմ»
«Վեսթ Հեմի» ղեկավարությունը ևս քայլեր է անում Պրեմիեր լիգայում թիմի դիրքերն ամրապնդելու համար: Լոնդոնյան ակումբ է հրավիրվել աստղային մարզիչ, թիմը գնել է որակյալ ֆուտբոլիստների: Չնայած սրան՝ թիմի անդամները դեռ նոր են հարմարվում իրար և այնքան էլ վստահ հանդես չեն գալիս իրար հետ երկար տարիներ աշխատող թիմերի հետ խաղերում: Պելեգրինին փորձում է անել ամեն բան, որ իր թիմը ոչ միայն արդյունքի համար խաղա, այլև ցուցադրի հետաքրքիր ֆուտբոլ:
Պետք է նշել, որ լոնդոնյան դերբիում հարցականի տակ է Մարկ Նոուբլի մասնակցությունը: Կիսապաշտպանը վնասվածք է ստացել մեջքի շրջանում:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ:
- «Արսենալի» համար «Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից» կրած պարտությունները միակն են վերջին 8 խաղերում
- Վերջին 10 խաղերում «Արսենալը» գոլ չի խփել միայն «Մանչեսթեր Սիթիին»
- «Վեսթ Հեմի» համար ևս պարտությունները Պրեմիեր լիգայում առաջինն էին վերջին 8 խաղերում
- «Վեսթ Հեմը» գոլ չի խփել միայն «Լիվերպուլի» հետ խաղում
- «Արսենալը» հաղթել է «Վեսթ Հեմին» վերջին 5 խաղերից 4-ում
Պրեմիեր լիգայում շատ վատ մեկնարկից հետո «Արսենալը» պետք է անի ամեն ինչ երկրպագուների վստահությունը վերականգնելու համար: «Զինագործները» փորձելու են հաղթել խոշոր հաշվով, որպեսզի ցույց տան, որ պարտություններն իրենց վատ խաղի արդյունքը չեն:
Նմանատիպ մոտիվացիա ունի նաև Մանուել Պելեգրինիի թիմը: Պելեգրինին չի ցանկանում սկսել մրցաշրջանը 3 անընդմեջ պարտությամբ:
Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբին կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան