Յուրաքանչյուր կին պետք է իմանա այս նշանների մասին. բաց մի թողեք
Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ռիսկի գործոնների շարքին են դասվում մարդու պապիլոմավիրուսային վարակը, իմունային համակարգի անբավարարությունը, ծխախոտի օգտագործումը, տարիքը, հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը, գենետիկ նախատրամադրվածությունը:
Խնդիրն այն է, որ շատ կանանց շրջանում նախաքաղցկեղային վիճակում կամ հիվանդության վաղ շրջանում ախտանշաններ չեն նկատվում: Իսկ ժամանակին ախտորոշումն ու համապատասխան միջոցների ձեռնարկումը չափազանց կարևոր են: Կայքի հաղորդմամբ՝ այս նշանները կարող են վկայել խնդրի առկայության մասին: Միայն թե հարկավոր չէ դրանց առկայության դեպքում խուճապի մատնվել. դրանք կարող են վկայել այլ խնդիրների մասին, որոնք ախտորոշելու համար հարկավոր է դիմել բժշկի օգնությանը:
Ցավ կոնքի հատվածում: Կոնքերի հատվածում ցավ հաճախ նկատվում է դաշտանային ցիկլի ընթացքում: Բայց եթե ցավը դառնում է պարբերական և կապ չունի դաշտանային ցիկլի հետ, խորհրդակցեք բժշկի հետ:
Ցավ սեռական հարաբերության ընթացքում: Սեռական ակտի ընթացքում ցավի զգացումը կարող է մի շարք պատճառներ ունենալ, բայց հարկավոր է հերքել նաև արգանդի վզիկի քաղցկեղի առկայությունը:
Ցավ մեջքի հատվածում: Մեջքի հատվածում ցավ նկատվում է դաշտանային ցիկլի սկզբնական շրջանում: Եթե մեջքի հատվածում պարբերական ցավ է առկա, որի պատճառը չի բացահայտվել, և առկա են մյուս ախտանշանները, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Քաշի կորուստ և հոգնածություն: Այս ախտանշանները կարող են բազմաթիվ այլ պատճառներ ունենալ, և եթե այլ խնդիր չի հայտնաբերվում, հարկավոր է բացառել նաև արգանդի վզիկի քաղցկեղի առկայությունը:
Անեմիա: Անեմիայի դեպքում օրգանիզմը զրկվում է բավարար քանակով թթվածնից: Որպես կանոն՝ այն որևէ հիվանդության հետևանք է: Արգանդի վզիկի քաղցկեղը ևս կարող է անեմիայի պատճառ դառնալ:
Ցավ ոտքերում: Հիվանդության դեպքում կարող է խոչընդոտվել արյան հոսքը ոտքերին, ինչը հանգեցնում է ոտքերի այտուցների, ցավի զգացման:
Արտասովոր արյունահոսություն: Սա ամենատարածված ախտանշաններից է: Երբ արյունահոսությունը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը:
Ցավ միզարձակման ընթացքում: Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում երբեմն նկատվում է նաև ցավ, անհարմարության զգացում միզարձակման ընթացքում:
Դաշտանային ցիկլի փոփոխություն: Դաշտանային ցիկլի պարբերականության խախտման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ:
Արտասովոր արտադրություն: Առատ արտադրությունը ևս կարող է վկայել արգանդի վզիկի քաղցկեղի մասին: Ուշադիր եղեք, եթե այն նաև տհաճ հոտ ունի, կանաչավուն երանգ կամ արյունոտ է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը