Շների հարձակումից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում հուլիսի 28-ին ժամը 12:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակիչ Վ․Վ-ի կողմից հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։
«Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում Վ․Վ․-ն նկատել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի մոտ 4 ամսական քոթոթ, որը հայտնվել էր 6-7 շների հարձակման վտանգի տակ։
Քաղաքացուն հաջողվել է կանխել կենդանուն սպառնացող վտանգը և արջի քոթոթին տեղափոխել իր տան հարակից օժանդակ շինություն»,– հայտնում են ԲԸՏՄ-ից։
Տեսուչների կողմից իրականացված արտաքին զննությամբ կենդանու մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթի պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ նույն օրը կենդանին հանձնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) և տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։

