Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ զրույցում պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ երկրում անտառային հրդեհները վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ հրդեհների ծուխն ավելի վաղ ծածկել էր ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներ: Միացյալ Նահանգների ղեկավարը չի բացառել, որ կձգտի Օտտավայից հասնել փոխհատուցուման:
«Ես նրան ասացի. «Դուք պետք է դադարեցնեք այդ հրդեհների տարածումը, որոնք թունավորում են մեր օդը: Մեր օդը թունավորված է»», -ասել է ԱՄՆ-ի ղեկավարը հուլիսի 19-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Թրամփը հայտարարել է անտառային հրդեհները դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ եթե Կանադային անհրաժեշտ լինի ԱՄՆ-ի օգնությունը, իրենք պատրաստ են այդ հարցում աջակցել։ «Բայց գուցե նրանք պետք է մեզ ինչ-որ փոխհատուցում վճարեն կամ նման մի բան։ Կամ գուցե մենք պետք է որոշ մաքսատուրքեր սահմանենք», – ասել է ԱՄՆ նախագահը:
Հուլիսի 17-ին Թրամփը Կանադային սպառնացել է մաքսատուրքերի բարձրացմամբ անտառային հրդեհների պատճառով, քանի որ դրանց ծուխը վերջին օրերին պարբերաբար պարուրել է Միացյալ Նահանգների մի շարք խոշոր քաղաքներ, ներառյալ Վաշինգտոնը, Նյու Յորքը, Դետրոյթը և Չիկագոն: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը «Կանադային պատասխանատու է համարում այն փաստի համար, որ նա պատշաճ կերպով չի պահպանում իր անտառները»: Նրա խոսքով՝ դրա պատճառով «ԱՄՆ է ներթափանցում գարշելի, կեղտոտ և վնասակար օդ»:
Կանադայի իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրի տարածքում այրվում է մոտ 950 անտառային հրդեհ, որոնցից մոտ 130-ն առայժմ չի հաջողվում վերահսկողության տակ առնել:

