ԱՄՆ-ն անդրադարձել է Չինաստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը
ԱՄՆ-ն հետևել է Չինաստանի կողմից Խաղաղ օվկիանոսում միջուկային սուզանավից առանց մարտալիցքի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակմանը և կարծում է, որ Պեկինը պետք է մասնակցի սպառազինությունների վերահսկման հարցերի քննարկմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Այնպիսի ժամանակ, երբ ԱՄՆ-ն ավելի շատ է աշխատում միջուկային զենքի տարածումը կանխելու ուղղությամբ, Չինաստանն անում է հակառակը։ Պեկինի կողմից միջուկային զենքի արագ և ոչ թափանցիկ կերպով կուտակումը մեծ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանի և աշխարհի համար։ Մենք նախկինի նման Չինաստանին կոչ ենք անում ներգրավվել սպառազինությունների վերահսկման վերաբերյալ առարկայական քննարկումներում և ընդունել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների բոլոր արձակումների, ինչպես նաև տիեզերական արձակումների մասին կանոնավոր ծանուցումների մեխանիզմն այն պարտավորություններին համապատասխան, որոնք ստանձնել են «հնգյակի» (խմբ.՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի) մյուս բոլոր երկրները», – նշված է հաղորդագրության մեջ։
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 6-ին հայտարարել է, որ Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են ստորջրյա տեղակայման ռազմավարական հրթիռի փորձնական արձակում Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում։ Փորձարկումը եղել է պլանային միջոցառում տարեկան ռազմական պատրաստության շրջանակներում։ Ըստ երկրի արտգործնախարարության՝ Չինաստանը նախապես ծանուցել է շահագրգիռ երկրներին, արձակումն «ուղղված չի եղել որևէ կոնկրետ երկրի կամ թիրախի դեմ»:
Տարածաշրջանային երկրները մտահոգություն են հայտնել հրթիռի արձակման կապակցությամբ։

