Հունական LarissaPress-ը Հայաստան-Հունաստան հարաբերությունների մասին հոդված է հրապարակել
Հունական LarissaPress լրատվամիջոցն իր կիրակնօրյա համարում հոդված է հրապարակել Հայաստան-Հունաստան հարաբերությունների վերաբերյալ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-հունական դարավոր բարեկամությանը, երկու ժողովուրդների պատմական, մշակութային և հոգևոր կապերին, ինչպես նաև 2025 թ. հոկտեմբերին Լարիսա կատարած իր այցի տպավորություններին։
Դեսպանը բարձր է գնահատել Լարիսայի պատմական նշանակությունն ու ժամանակակից զարգացման դինամիկան՝ նշելով, որ քաղաքն իրեն տպավորել է իր կենսունակությամբ, երիտասարդական էներգիայով և ապագայի մեծ ներուժով։ Նրա խոսքով՝ Լարիսան զարգացող քաղաք է, որը ոգևորում է յուրաքանչյուր այցելուի։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ Լարիսա իր այցը համընկել էր քաղաքի ազատագրման օրվա՝ հոկտեմբերի 23-ի, ինչպես նաև հոկտեմբերի 28-ի պետական տոնի հետ։
Այցի ընթացքում դեսպանը ծաղկեպսակ է դրել և ունեցել կառուցողական հանդիպումներ Թեսալիայի նահանգապետ պարոն Կուրետասի և Լարիսայի քաղաքապետ պարոն Մամակոսի հետ։
Հարցազրույցում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև պատմական խոր կապերին, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից։ Դեսպանը նշել է, որ հայ և հույն ժողովուրդներին մերձեցրել են ոչ միայն պատմությունն ու քրիստոնեական հավատքը, այլև ընդհանուր մշակութային արժեքները, ավանդույթները և պատմական փորձառությունները։ Նրա խոսքով՝ երկու ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունները տարիների ընթացքում ավելի են ամրապնդել հայ-հունական բարեկամությունը։
Դեսպանը կարևորել է նաև այն դրական արժեքները, որոնք միավորում են հայերին և հույներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդները պետք է շարունակեն կենտրոնանալ փոխադարձ հարգանքի, բարեկամության և համագործակցության վրա։
Դեսպան Մկրտչյանը վերահաստատել է իր հիացմունքը հույն ժողովրդի և հունական քաղաքակրթության հանդեպ՝ նշելով. «Հույների մեջ ես հիանում եմ նրանց մեծ ոգով՝ Հոմերոսի ժամանակներից մինչև մեր օրերը»։



