«Ադրբեջանը ՀՀ-ից 25.000 քկմ տարածք է պահանջում՝ մեզ այլևս պարտության «ճոխությունը» չենք կարող թույլ տալ». Գրիգորի Այվազյան

Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի մարդու իրավունքների օմբուդսմեն Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ. իրադարձությունները ճանաչել՝ որպես «ցեղասպանություն»։

«Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված «էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ» և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»»,- նշել է Սաբինա Ալիևան։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Հայաստանը պետք է խոսի Ադրբեջանի կողմից կատարված ցեղասպանական գործողությունների մասին, բայց չգիտես ինչու՝ Ադրբեջանն է կեղծ քարոզչություն տարածում։

«Ժողովրդական ասացվածք կա՝ «Սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում», հիմա Ադրբեջանի այս քարոզչությանն է։ Ադրբեջանի արտաքին քաղաքականության ու ռազմավարության մեջ սա միշտ է եղել, մենք պարզապես ուշադրություն չենք դարձրել, խոսքը վերաբերում է մարտյան դեպքերին, երբ Ադրբեջանը նշում է, այսպես կոչված, «ադրբեջանցիների ցեղասպանության օր», իբրև թե հայերի կողմից կազմակերպված։

Կարդացեք նաև

Որքան էլ զարմանալի է, Ադրբեջանում 3 անգամ նշում են «հայերի կողմից ադրբեջանցիներին ցեղասպանելու օր»՝ «մարտյան իրադարձությունները, երբ 1918 թվականին տարբեր խաժամուժներ փորձեցին Բաքվի կոմունայի դեմ ապստամբություն բարձրացնել։ Հետո նշում են «Խոջալուի ցեղասպանության» օրը, նրանք այս հորինվածքն առաջ են քաշել, որպեսզի ստվերեն Սումգայիթում հայության ցեղասպանությունը։ Նշում են նաև 1990 թվականին, այսպես կոչված, «Սև հունվարը», երբ արդեն հայերի ցեղասպանությունը Բաքվում ավարտել էին ու սկսել էին հնչեցնել հակասովետական լոզունգներ, փորձելով կոտորել նաև այլ փոքրամասնությունների։ Սա էլ հորինել են Բաքվի ջարդերը ստվերելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Փորձագետը հիշեցրեց՝ անցնող 30 տարուց ավելին Ադրբեջանը պատրաստվել է հայերի դեմ վրեժխնդրություն իրականացնել, մինչդեռ հենց Ադրբեջանում են իրագործվել հայերի նկատմամբ մի քանի ցեղասպանություններ։ 1918 թվականին թուրքական մուսավաթիստական զորքերը մտան Բաքու և 30 հազարից ավելի հայերի կոտորեցին, որին էլ արդեն հաջորդեցին այլ ցեղասպանական գործողություններ։

«Այս բոլոր գործողությունները չճանաչվեցին ցեղասպանություն, դրա համար էլ Ադրբեջանն անպատժելիության մթնոլորտում շարունակեց ցեղասպանություն իրականացնել Արցախում՝ 2020 թվականին և 2023 թվականին՝ ամբողջ աշխարհի աչքի առջև։

Այս ամենից զատ, Ադրբեջանն իր բոլոր ռազմավարական փաստաթղթերի հիմքում դրել է նաև «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու խնդիրը, իսկ դա նշանակում է զավթել ամբողջ Հայաստանը և բնակեցնել ադրբեջանցիներով։ Մենք չենք խոսում մեր պատմական հողերի մասին, փոխարենը՝ Ադրբեջանն է խոսում, ինչը ենթադրում է, որ ժամանակն է, որ հայկական կողմը խոսի այդ մասին, բարձրաձայնի։ Ադրբեջանն իր հակահայկական քարոզն անում է պետության ամենաբարձր մակարդակով, հակադարձումն էլ մեր կողմից պետք է ամենաբարձր մակարդակով տեղի ունենա»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։

Ըստ մեր զրուցակցի, այս պահին Ադրբեջանը Հայաստանից պահանջում է առնվազն 25 հազար քկմ տարածք, Ադրբեջանը Երևանն է անգամ համարում «ադրբեջանական», հետևաբար՝ Ադրբեջանը նախապատրաստվում է միջազգային տարբեր ատյաններում հայցերով հանդես գալ Հայաստանի դեմ։

«Եթե մինչև այս պահն Ադրբեջանը Բաքվում չի ապամոնտաժել «ռազմավարի պուրակը», արդեն իսկ ապացուցում է, որ նրանք խաղաղության չեն պատրաստվում։ Իսկ երբ թշնամին պատերազմի է պատրաստվում, դու պետք է քո սեփական ժողովրդին պատրաստես դիմադրելու, երկիրը պաշտպանելու, այսինքն՝ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի դիմադրելու։ Մենք մեզ այլևս պարտության «ճոխությունը» չենք կարող թույլ տալ, սա է մեր միակ հայրենիքը, սա է ամբողջ հայ ազգի միակ հայրենիքը։ Սեղանին դրված է հայ ժողովրդի գոյության հարցը»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930