Իսրայելը Բեյրութի որոշ շրջանների բնակիչներին հեռանալու կոչ է ուղղել՝ Լիբանանում ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին
Իսրայելի բանակը նախազգուշացրել է Բեյրութի հարավային արվարձանների յոթ շրջանի բնակիչներին լքել իրենց տները։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։
Բանակը հայտնել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներն այդ տարածքներում։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրամայել է բանակին ընդլայնել իր գործողությունները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին։
«Ես հիմա հրահանգել եմ ընդլայնել գոյություն ունեցող անվտանգության գոտին՝ ներխուժման սպառնալիքը վերջնականապես կանխելու և հակատանկային հրթիռային կրակը մեր սահմանից հեռացնելու համար», – հայտարարել է Նեթանյահուն Իսրայելի հյուսիսային հրամանատարությանը տեսաուղերձում։
Նեթանյահուն ասել է, որ որոշման նպատակն է ամրապնդել Իսրայելի անվտանգության դիրքերը երկրի հյուսիսային սահմանի երկայնքով։
«Մենք վերացրել ենք «Հեզբոլլահ»-ի հազարավոր ահաբեկիչների, և ամենակարևորը՝ վերացրել ենք 150 000 հրթիռների հսկայական սպառնալիքը, որոնք նախատեսված էին Իսրայելի քաղաքները ոչնչացնելու համար», – ասել է նա։
Նա հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը դեռևս ունի հրթիռներ արձակելու մնացորդային կարողություն, և որ իսրայելական ուժերը վճռականորեն տրամադրված են՝ արմատապես փոխելու իրավիճակը հյուսիսում։
Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը մի քանի ճակատով արշավ է վարում Իրանի և նրա դաշնակից խմբավորումների, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի և Գազայում գործող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ՝ հավելելով, որ Իսրայելի գործողությունները թուլացնում են Իրանի տարածաշրջանային ազդեցությունը։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ հրթիռային հարվածներով թիրախավորել է սահմանային հատվածներում իսրայելցի զինվորների հավաքատեղիները և նրանց տրանսպորտային միջոցները, ինչպես նաև սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական բանակի ենթակառուցվածքները։
Լիբանանում Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հարվածներ հասցրեց Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարվածների և ցամաքային գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 1200 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և բժշկական ոլորտի աշխատակիցներ։



