Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են գերագույն առաջնորդի լավ ինքնազգացողության մասին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում, իրանական պետական համակարգը գործում է արդյունավետորեն։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային India Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է նշանակվել ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով հոր՝ Ալի Խամենեիի զոհվելուց հետո։ Նշանակումից հետո Մոջթաբա Խամենեին չի հայտնվել հանրության առջև։ Ըստ տեղեկությունների՝ նա վիրավոր է։
«Գերագույն առաջնորդն իրեն լավ է զգում, և մենք ուրախ ենք, որ մեր պետական համակարգը գործում է արդյունավետորեն։ Մեր զինված ուժերը գործում են Իրանի պաշտպանության պլաններին խիստ համապատասխան։ Եվ, որ ամենից կարևորն է, մեր ժողովուրդը համախմբված է ագրեսիայի այդ բարբարոսական ակտի հանդեպ», – ասել է նա:
Հարցազրույցում Բաղային նաև հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում։



