Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետապնդելու է այաթոլա Խամենեիի ցանկացած ժառանգորդի
Իսրայելական բանակը (ՑԱՀԱԼ) նախազգուշացրել է, որ շարունակելու է հետապնդել Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի ցանկացած ժառանգորդի։
X սոցիալական ցանցում պարսկերենով հրապարակված հայտարարության մեջ ՑԱՀԱԼ-ը նախազգուշացրել է, որ հետապնդելու է նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն ժառանգորդ նշանակել այաթոլա Ալի Խամենեիին՝ նկատի ունենալով հոգևոր այն մարմինը, որին հանձնարարված է ընտրել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդին։
«Բռնապետ Խամենեիի չեզոքացումից հետո Իրանի ահաբեկչական ռեժիմը փորձում է վերակազմավորվել և նոր առաջնորդ ընտրել։ Իրանի Փորձագետների խորհուրդը, որը տասնամյակներ շարունակ չէր հավաքվել, շուտով կգումարվի Ղոմ քաղաքում։ Մենք ուզում ենք ձեզ ասել, որ Իսրայել պետությունը շարունակելու է հետապնդել յուրաքանչյուր ժառանգորդի և յուրաքանչյուր մարդու, որը ձգտում է ժառանգորդ նշանակել։ Մենք զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր մտադիր են մասնակցել ժառանգորդի ընտրության հանդիպմանը, որ առանց վարանելու կթիրախավորենք նաև ձեզ», – նշել են իսրայելական բանակում։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության հարցում։
Ըստ Իրանի սահմանադրության, երկրի գերագույն առաջնորդին ընտրելու իրավասությունն ունի 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդը։ Խամենեին, որն Իրանը ղեկավարում էր 37 տարի, սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։



