Ադրբեջանը կպատասխանի՞ Իրանին․ Ադրբեջանի ՊՆ-ն Նախիջևանի միջադեպից հետո հայտարարություն է տարածել

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է այսօր Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների հարվածներին։ Ի դեպ, նշենք, որ Իրանի Գլխավոր շտաբը դեռ չի պարզաբանել՝ սխալմունք էր տեղի ունեցածը, թե ծրագրված հարձակում։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում ասվում է, որ Իրանի զինված ուժերը Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և քաղաքացիական ենթակառուցվածքների այլ օբյեկտների ուղղությամբ։ Նշվում է, որ ներկայումս ուսումնասիրվում են անօդաչու թռչող սարքերի տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վճռականորեն դատապարտել է Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, կատարվել են Իրանի զինված ուժերի կողմից՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում։ «Տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարձակումները անպատասխան չեն մնա»,-ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս