Իրանի միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել անգամ ուժով․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար
Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին ԱՄՆ-ին և Իսրայելին նախազգուշացրել է հնարավոր հարձակման հետևանքների մասին՝ հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ ոչնչացնել նույնիսկ ուժի կիրառմամբ։
Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Ծոցում ամերիկյան զորքերի լայնածավալ տեղակայումից հետո։
«Եթե թշնամին սխալ է թույլ տալիս, ապա դա, անկասկած, կվտանգի իր, տարածաշրջանի և սիոնիստական ռեժիմի անվտանգությունը»,-Հաթամիի խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի միջուկային գիտությունն ու տեխնոլոգիաները չեն կարող վերացվել։
«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գիտությունն ու տեխնոլոգիաները հնարավոր չէ ոչնչացնել, նույնիսկ եթե այդ ազգի գիտնականներն ու զավակները նահատակվեն»,-հայտարարել է Հաթամին։
