Արարատ Միրզոյանն ու Մարտա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերին։ Ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև գոհունակությամբ նշվել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին երկրորդ փուլով 20 մլն եվրոյի աջակցության տրամադրման վերաբերյալ կայացված որոշումը:

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլերի:

Տեսանյութեր

Լրահոս