Օդի աղտոտվածություն, խցանումներ, ճանապարհների վատ վիճակ, աղբահանության խնդիրներ. երևանցիներն ահազանգում են

Օդի աղտոտվածություն, խցանումներ, վատ ճանապարհներ և տրանսպորտ. Երևանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ սրանք առաջնահերթ խնդիրներ են մայրաքաղաքի բնակիչների համար։ Հունվարի 19-23-ը «Gallup International»-ի անցկացրած հարցումների արդյունքներն ասուլիսի ժամանակ ներկայացրեց կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Հարցվածների 29.6%-ը նշել է օդի աղտոտվածությունը, 26.5%-ը՝ մշտական խցանումները, 22.6%-ը դժգոհել են վատ ճանապարհներից, 16.3%-ը՝ աղբահանությունից, 15%-ն էլ նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը։ 8.7%-ը նշել է ձնամաքրման աշխատանքները, քաղաքի մաքրությունը՝ 7.8%-ը, գնաճը՝ 6%-ը, տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրները՝ 4.7%-ը։ Ապօրինի շինարարությունը կարևոր խնդիր է համարել հարցվածների 4.2%-ը, հանցագործության աճը՝ 3.7%-ը։

Որպես դրական փոփոխություն նշվել է նոր ավտոբուսների գնումը. դա նշել է հարցվածների 17%-ը, 12,3%-ը նշել է ճանապարհների ասֆալտապատումը, 10,6%-ը՝ աղբահանության կազմակերպումը, 10,1%-ը՝ բակերի բարեկարգումը, 8,7%-ը՝ զբոսայգիների բարեկարգումը, 7,7%-ը` տարածքների կանաչապատումը:

Այն հարցին, թե ինչպես են մայրաքաղաքի բնակիչները գնահատում քաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, հարցվածների 14.1%-ը պատասխանել է «լիովին դրական», 35.4%-ը՝ «ավելի շուտ դրական», 20.8%-ը՝ «ավելի շուտ բացասական», 19%-ը՝ «լիովին բացասական»։

Տեսանյութեր

Լրահոս