«Հյուսիսային տերևաթափի» գործով 3 մեղադրյալների տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստում պետք է շարունակվեր մեղադրյալների հարցաքննությունը և պետք է քննարկվեր Աշոտ Մարգարյանի, Սերգեյ Մկրտչյանի ու Վազգեն Ոսկանյանի տնային կալանքի հարցը: Դատախազն առաջարկեց տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգել:
Այսօրվա նիստում դատարանը շարունակեց մեղադրյալների խափանման միջոցները փոփոխելու հարցի քննությունը:
Նախ սկսվեց Սերգեյ Մկրտչյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Պաշտպանը միջնորդեց տնային կալանքը փոխել գոնե վարչական վերահսկողության, որ վերջինս կարողանա աշխատել:
«Իմ վիճակը շատ ծանր է: 70 տարեկան մարդ եմ, ուզում եմ մտնել աշխատանքի, որ կարողանամ ընտանիքիս հոգսերը լուծել»,-ասաց Սերգեյ Մկրտչյանը:
Նույնը միջնորդեցին նաև աշոտ Մագարյանի համար: Ինքը՝ Աշոտ Մարգարյանն ասաց՝ 3 անգամ իր տնային կալանքի ժամկետը երկարացվել է, ինքը ոչինչ չի ասել, լուռ լսել է, բայց հիմա խնդրում ու պահանջում է փոխել իր խափանման միջոցը, քանի որ իր կնոջ առողջությանն անդառնալի վնաս է հասցվել, ինքը պետք է աշխատի, որ կարողանա հոգալ ծախսերը:
Վազգեն Ոսկանյանը նույնպես ասաց՝ միանում է իր ընկերների միջնորդությանը, խնդրում է փոխել իր խափանման միջոցը:
Դատարանը կարճ ընդմիջում հայտարարեց, մինչ կժամանի Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությւնյանը:
Ընդմիջումից հետո Զորայր Հարությունյանն ասաց՝ տնային կալանքի շարունակական պահպանումն արդարացված չէ: Խնդրեց ամբողջությամբ մերժել միջնորդությունը:
Դատարանը լսելով կողմերին՝ որոշեց մեղադրյալների կալանքի ժամկետները երկարաձգել ևս երեք ամսով՝ պահպանելով նախկին բոլոր սահմանափակումները:
Դատական նիստը հետտաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 15.00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
