Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, իմացա, որ դիզվառելիքի գնի 20 % նվազում է եղել. Նիկոլ Փաշինյան

«Նույն Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։ Այսինքն՝ սա արձանագրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն»,- այս մասին Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Դավիթ Կարապետյանի հարցին՝ ՀՀ Արտաքին հետախուզության հրապարակած տարեկան զեկույցի և Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի վերաբերյալ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց իշխանության ռազմավարությունը հետևյալն է.

«Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, և ես կարող եմ ասել, որ դա հաջողությամբ ենք իրականացնում։ Ի վերջո, ներկաների մի մասն առնվազն նախկինում եղել է մի երկրի քաղաքացի, որը փլուզվել է, այդ թվում՝ սպառազինության ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնելու համար։

Հրապարակային ասեմ՝ իմ ուղեկցությամբ առնվազն 2 խումբ ացելել է, և ի ցույց ենք դրել մեր ռազմավարությունը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է խաղաղության հետագա ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը, ապա այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց՝ ուզում է, որ բոլորն արձանագրեն այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում։

«Այսօր ես իմացա, որ Հայաստանի վառելիքի շուկայում դիզվառելիքի գնի մոտ 20 տոկոսի նվազում է եղել։ Ուզում եմ դա գնահատեք, այդ թվում՝ Հայաստանում սպասվող գյուղատնտեսական աշխատանքների ու այլնի ֆոնին։

Իսկ այն խնդիրները, որոնք արձանագրել է արտաքին հետախուզական ծառայությունը, այդ խնդիրների շուրջ աշխատանքը շարունակում ենք, որն ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը։

Ինչ վերաբերում է անվտանգության հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին, Հայաստանի պետական համակարգը դա անընդհատ վերլուծում է, և այդ ուղղությամբ բոլոր ծառայություններն իրենց աշխատանքն անում են։

Իներցիոն պրոցեսներ կան, մենք այդ պրոցեսների վրա խաղաղ, հանդարտ, խաղաղության վրա կենտրոնացած, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքով աշխատում ենք։ Բայց Հայաստանը ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու։ Բայց սա էլ եմ ուզում ձեզ ասել, որ այսօր՝ 2026 թվականի հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է, կատարյալ խաղաղություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս