ՀՀ արտաքին հետախուզության ծառայության վերլուծությունը Մերձավոր Արևելքում 2026 թվականին սպասվող զարգացումների վերաբերյալ
Չնայած տևական հրադադարի համար ստեղծված նախապայմաններին՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը հավանաբար կպահպանվի, եթե տևական ժամանակ ՀԱՄԱՍ-ը քայլեր չձեռնարկի զինաթափման ուղղությամբ, իսկ Իսրայելը շարունակի մերժել հրադադարը երաշխավորող դերակատարների կողմից առաջարկված լուծումները՝ ի թիվս այլնի, պայմանավորված նաև 2026 թվականին Իսրայելի ներքաղաքական զարգացումներով։
Այս մասին նշված է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ, որը բացառիկության իրավունքով տրամադրվել է «Արմենպրես»-ին։
Նշվում է, որ 2026 թվականին Իսրայել-Լիբանան և Իսրայել-Սիրիա երկկողմ հարաբերություններում, ամենայն հավանականությամբ, կպահպանվի լարվածությունը։ Երկու երկրների հետ լարվածության հնարավոր նվազումն ու հարաբերությունների կարգավորումն Իսրայելը կշարունակի պայմանավորել Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող ներքին զարգացումներով՝ ամրապնդելով կոնֆլիկտները Իսրայելի սահմաններից դուրս պահելու և լուծում պարտադրելու սեփական ռազմավարությունը, և դա պատճառաբանելով սեփական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։
«Սիրիայում անկայուն իրավիճակը հավանական է, որ կշարունակվի։ Երկրի ամբողջ տարածքում վերահսկողություն հաստատելը, արտաքին ուժերի ներկայացվածության սահմանափակումը, տնտեսական կյանքի վերակենդանացումը, ինչպես նաև հարևան երկրների հետ պրագմատիկ հարաբերություններ հաստատելու փորձերը կլինեն Սիրիայի ժամանակավոր կառավարության գլխավոր մարտահրավերները։ Դրանց հասցեագրման հաջողությունը կախված կլինի ոչ միայն Սիրիայի Էթնիկ/կրոնական տարբեր խմբերի կողմից երկրի միասնականությանն աջակցելու մտադրությունից ու հնարավորությունից, այլ նաև ռեգիոնում սեփական անվտանգության ընկալումները Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապող այլ պետական դերակատարների մոտեցումներից։ Հավանականությունը քիչ է, որ Լիբանանում ռազմական կարողությունների կառավարման հարցում մենաշնորհի ապահովմանն ուղղված երկրի իշխանությունների ջանքերը 2026 թվականին ունենան մեծ արդյունավետություն, ինչն էլ, իր հերթին կմեծացնի Լիբանանում իսրայելական ակտիվ գործողությունների շարունակման հավանականությունը»,- նշված է զեկույցում։
