Երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարում էր Ադրբեջանը. սա հիմք է ստեղծում Ադրբեջանի՝ այս ենթակառուցվածքի նկատմամբ հատուկ կարգավիճակի հավակնությունների համար. Մամեդյարով
«Թրամփի» ուղու ստորագրումը միայն առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն մանրամասն բանակցություններ, հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, գրում է Tert.am-ը։
«Ադրբեջանը պարտավոր է լինել այդ բանակցությունների լիիրավ մասնակից երկու ուղղությամբ՝ Հայաստանի կառավարության և ամերիկյան կողմի՝ թե՛ օպերատոր ընկերության, թե՛ ԱՄՆ կառավարության հետ։ Քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական և տեխնիկական ռեժիմը», – ասել է նա։
Նրա խոսքով՝ կա մի հիմնարար իրավական խնդիր, որը արմատներ ունի խորհրդային անցյալում. երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երկաթուղիների կողմից, այլ ոչ թե ազգային ցանցի։ Սա հիմք է ստեղծում Ադրբեջանի կողմից այս ենթակառուցվածքի համար հատուկ կարգավիճակի հնարավոր հավակնությունների համար։
«Հաշվի առնելով, որ 1938 թվականին Հայաստանն իր երկաթուղիների վերահսկողությունը փոխանցեց Ռուսաստանին, անհրաժեշտ է իրավական պարզաբանում. արդյո՞ք այս փոխանցումը տարածվել է այն հատվածի վրա, որը փաստացի գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո: Հետևաբար, կառավարությունը և «Ադրբեջանական երկաթուղիները» պետք է խորհրդակցեն իրենց ռուս գործընկերների հետ՝ այս ակտիվի իրավական կարգավիճակը պարզաբանելու համար», – նշել է Մամեդյարովը:
Նա պնդում է, որ բանակցային գործընթացը պետք է ընդլայնվի՝ ներառելով Թուրքիային որպես տարածաշրջանային հիմնական դերակատար և ռազմավարական դաշնակից. թուրքական կողմը պետք է հասկանա երթուղու վերջնական կոնֆիգուրացիան։
«Նախատեսվում է ոչ միայն Նախիջևանի հետ կապ հաստատել, այլև գծի հնարավոր երկարացում թուրքական Իգդիրի միջով՝ առկա ցանցին ինտեգրվելու համար (Կարս-Իգդիր-Նախիջևան): Կաղըզմանից մինչև Իգդիր բացակայող հատվածի կառուցումն արդեն քննարկվել է բարձր մակարդակով և արժանացել է հետաքրքրության, սակայն դրա իրականացումը միշտ սահմանափակվել է տնտեսական նպատակահարմարությամբ, հատկապես՝ Նախիջևանի շրջափակման պայմաններում», – հայտարարել է նախկին արտգործնախարարը:
Նրա կարծիքով, ամենաբարդ և զգայուն կողմն անվտանգության ապահովումն է, հատկապես՝ ուղևորափոխադրումների ժամանակ։
«Փաստաթուղթը պաշտոնապես պատասխանատվությունը դնում է Հայաստանի իրավապահ և սահմանային մարմինների վրա։ Սակայն Ադրբեջանը պետք է պնդի մանրամասն երաշխիքների վրա։ Ճանապարհին միջադեպերի իրական ռիսկ կա, որոնք կարող են հանգեցնել լուրջ միջպետական ճգնաժամերի։ Ավելին, պետք է պարզաբանվի հայ-իրանական սահմանը պահպանող ռուս սահմանապահների դերը։ Տրամաբանական է ենթադրել նաև նրանց մասնակցությունը նոր միջանցքին, ինչը պահանջում է առանձին եռակողմ խորհրդակցություններ», – նշել է Մամեդյարովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի համար այս միջանցքի առկայությունը, սկզբնական սպասումներին հակառակ, կարող է օգտակար լինել պատժամիջոցների ճնշման և Եվրոպա տանող ավանդական երթուղիների փակման համատեքստում։
«Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կողմ էր, և նրա շահագրգռվածությունը միջազգային շուկաներ դուրս գալու այլընտրանքային ուղու նկատմամբ ակնհայտ է։ Այս հարցը կդառնա Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առանձին երկխոսության առարկա։ TRIPP փաստաթուղթը նախաձեռնում է ոչ թե նախագիծ, այլ բարդ, բազմաշերտ բանակցային գործընթաց։ Ադրբեջանը միջանցքի ապագա շահագործման կանոնների ակտիվ ճարտարապետն է՝ պաշտպանելով իր պատմական, իրավական, տնտեսական և, ամենակարևորը, անվտանգության շահերը բոլոր բանակցային ուղիներում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Ռուսաստանի հետ», – եզրափակել է նախկին արտգործնախարարը։
