Մեզ ասում են՝ լսեք, բա ասում եք՝ ԵՄ-ի հետ լավ եք, բրյուսելներում նկարվում եք, էդ հարցը չեք կարողանո՞ւմ լուծել. Փաշինյան

«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ցանկանում  են, որ քաղհասարակության հետ համագործակցությունն ընդլայնվի, բայց շատ կարևոր է, որ ռազմավարական հարցերի շուրջ ընդհանուր տեսլական ձևավորեն։

«2020–2023 թվականներին այդ համագործակցությունը չի ստացվել, որովհետև, ըստ էության, կառավարության մոտ սոցիալ-հոգեբանական տրանսֆորմացիայի շրջան է եղել»,- շարունակել է նա՝ հավելելով, որ հիմա արդեն սկսել են հասարակության և քաղհասարակության հետ կիսել իրենց տեսլականը՝ ինչ է տեղի ունենում և ինչի է տեղի ունենում:

Հիմա մենք նույնիսկ ինստիտուցիոնալ որոշումներ ենք կայացնում կառավարությունում, վարչապետի աշխատակազմում, և մենք մտածում ենք, թե էլ ինչ կարող ենք անել։ Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ասել, որ այդ ոլորտում կառավարությունը չունի բացարձակապես ոչ մի սահմանափակում։  Խնդրում եմ՝ իմ ասածը ձև և չափազանցություն չդիտարկել, որովհետև մենք ինքներս էլ մեզ օրգանական կապի մեջ ենք զգում քաղաքացիական հասարակության հետ»,- շարունակել է Փաշինյանը:

Այնուհետև նա անդրադարձել է Հայաստանի՝ ավիացիոն «սև ցուցակում» հայտնվելու հարցին:

Կարդացեք նաև

«Այսօր մեզ ասում են՝ լսեք, բա ասում եք, թե Եվրամիության հետ լավ եք, բա այդքան գնում եք, գալիս եք, ամբողջ օրը բրյուսելներում նկարվում եք, բա այդ հարցը չեք կարողանո՞ւմ լուծել։ Բա կարո՞ղ է ճիշտ չեք մոտենում։

Սիրելիներս, ստանդարտի հարց է, հասկանո՞ւմ եք, պետք է աշխատել այլ կերպ։ Հազար ներողություն, մեր իմացած էդ սովետական ձևերը՝  բա չենք կարո՞ւմ մի բան անենք՝ մի բան լինի… Միակ բանը, որը մենք պետք է անենք, մեր աշխատանքի և մոտեցումների ստանդարտը փոխելն է, և այստեղ ես շնորհակալ եմ Եվրամիությանը, որովհետև եթե այդ «սև ցուցակը» չլինի, մենք այդ թեմային ինքնուրույն չենք առերեսվի։ Որովհետև Հայաստանում կա դասարանցի, բանակի ընկեր, խնամի, քավոր, բա եվրոպական ստանդարտը հենց դա է, որ կապ չունի՝ ով ում խնամին է, ում ծանոթն է, ում բարեկամն է։ Այդ ինքնաթիռը պետք է թռնի և վայրէջք կատարի, և դրա համար պետք է լինեն որոշակի ինդիկատորներ, որոնք համոզմունք կտան, որ այդ ինքնաթիռը թռնելու է և իջնելու է։

Խնդիրը մեր մեջ է, Եվրամիության մեջ չի։  Եվրամիությունը մեզ լավ տեսնում է և  ասում՝ ընկերներ, դուք այստեղ, այստեղ խնդիր ունեք։ Ուզում եք՝ լուծեք, չեք ուզում՝ մի լուծեք, ոչ մի խնդիր չկա, բայց ես չեմ թույլ տա, որ իմ բնակավայրերի վրայով թռնի ինքնաթիռ, որը չի համապատասխանում իմ ստանդարտներին։ Սա շատ նորմալ մոտեցում է: Այստեղ նեղանալու ոչ մի բան չկա, և սա օգնում է մեզ որոշումներ կայացնել»,- մանրամասնել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս