ԵՄ-ն ոչ մահաբեր աջակցության միջոց է տրամադրել ՀՀ ԶՈւ-ին, դա ևս անվտանգության ապահովում է․ ԵՄ դեսպան
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ ավելի քան 250 միլիոն դոլար են ծախսել ՀՀ մասնավոր հատվածին առնչվող նոր ծրագրերի վրա, մասնավորապես, Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկից 4 միլիոն դոլարի փաթեթ է ստացվել 4 ծրագրերի համար, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով:
Այնուհետև դեսպանը հատկանշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ ապահովելով ավելի տեսանելի և կոնկրետ արդյունքներ, ավելին, շեշտվել է Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին, ինչը ենթադրում է գնումներ Հայաստանի զինված ուժերի համար։
Խոսքը ոչ մահաբեր աջակցության մասին է, քանի որ, Մարագոսի խոսքով, անվտանգությունը չի սահմանափակվում միայն բանակով կամ զինտեխնիկայով:
«Սա ոչ մահաբեր աջակցության միջոց է, ինչպես վարչապետը նշեց, անվտանգությունը միայն բանակի մասին չէ, և բանակն էլ միայն մահաբեր տեխնիկայի մասին չէ, որովհետև կան նաև բաներ, որոնք անհրաժեշտ են գործառնական ֆունկցիոնալության, թիկունքային ապահովման, բուժծառայության համար։
Մենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխմանն ենք ուշադրություն դարձնում՝ Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ։
Մենք նաև պետք է աջակցենք Եվրամիությունում առկա մեր փորձառությամբ կիսվելով և համաձայնել ենք ապահովել նաև Հայաստանի մասնակցությունը անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին, որն ուղարկվում է Եվրամիությունը։ Այսինքն՝ դրա միջոցով Հայաստանը նաև կդառնա անվտանգություն ապահովող»,- նշել է նա:
Նա նաև նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԵՄ–ն Հայաստանի Ազգային ժողովին և Կառավարությանն է ներկայացրել շատ հետաքրքիր մի ուսումնասիրություն, որում Հայաստանն առաջին անգամ համեմատվում է Արևմտյան Բալկանների երկրների հետ, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին։
«Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին․ որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում՝ ավելի պակաս, բայց ունի ավելիին հասնելու ներուժ»,-նկատեց Մարագոսը։
Դեսպան Մարագոսը նաև ընդգծեց, որ այժմ Հայաստանն ու Եվրոպական միությունն ակտիվորեն աշխատում են 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված գործընկերության ռազմավարական օրակարգի կետերը կյանքի կոչելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում


