ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. տեղեկացնում են ԱԳՆ-ից և մանրամասնում. «Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին։

Հունվարի 14-ին Երևանի ժամանակով ժ. 10:00-ին նախարար Միրզոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով. նախարարը կանդրադառնա Համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին և կպատասխանի լրագրողների հարցերին»:

Տեսանյութեր

Լրահոս