Փաշինյանը գլուխ է գովում՝ Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 %-ով իջեցրել է բենզինի գինը

Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 %-ով իջեցրել է բենզինի գինը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ «պրեմիում» տեսակի բենզինը նախկինում 510 դրամ էր, իսկ այժմ՝ 430 դրամ։

«Ի դեպ, երկու օր առաջ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով։ Նաև «ռեգուլյար» բենզինի գինն է նվազել՝ դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով։ Այսինքն, եթե դեկտեմբերի 11-ին «ռեգուլյար» բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է»,– ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ բենզինի շուկայում գնային փոփոխությունները խաղաղության օրակարգի արդյունք են։

«Իհարկե, պետք է նաև ընդունել, որ այս ընթացքում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում քննադատություն կա։ Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում և փողերն ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա։ Ադրբեջանում ասում են, որ բենզինը և դիզվառելիքն ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգություններն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, և այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ»,– հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանից նավթամթերքի ներմուծմանը դեմ արտահայտվողները հայկական շուկայում առկա մոնոպոլիստներն են, որոնց ձեռնտու չէ գնանկումը։

Տեսանյութեր

Լրահոս