Տրանսպորտային հանցագործությունների որոշ տեսակների մասով քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը անհերքելի է սակայն, ակնառու է, որ նման ծավալները ողջամտությունից դուրս են. Սիմոն Բաբայան
Փաստաբան Սիմոն Բաբայանը գրում է. «Հարգելի՛ գործընկերներ, խոսում ենք դատարանների, դատախազության, քննչական մարմինների, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածության մասին։ Այս ֆոնին քննարկվում է ուշացած արդարադատության խնդիրը, սակայն անտեսվում է մի պարզ և խիստ մտահոգիչ իրավիճակ:
Ուշադրության է արժանի դատարաններում քննված քրեական գործերի քանակի վիճակագրությունը:
Ուսումնասիրության համար՝ որպես ելակետ վերցվել է ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կայացված դատավճիռների քանակը:
Փաստորեն, 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով : Իհարկե որոշ առումներով նշված հանգամանքը պայմանվորված է նոր քրեադատավարական օրենսգրքի կարգավորումներով: Սակայն, ուսումնասիրելով դատավճիռների բնույթը պարզվում է, որ դրանց շուրջ 70 %-ը վերաբերում է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններին (այսուհետ նաև՝ տրանսպորտային հանցագործություններ):
Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 7 000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար:
Որպես համեմատություն՝ քրեական օրենսգրքով նախատեսված մյուս բոլոր հանցատեսակներով կայացվել է շուրջ 3000 դատավճիռ:
Կարևոր է արձանագրել նաև, որ տրանսպորտային հանցագործություններով դատավճիռների մեծ մասով նշանակվում է տուգանք, և նվազագույն հաշվարկով տարեկան պետական բյուջե է վճարվում շուրջ 2.5 մլրդ դրամ:
Այստեղից հարց է ծագում՝ տարեկան 7000 մարդ ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում ենք բյուջետային մուտքերը:
Իհարկե տարանսպորտային հանցագործությունների որոշ տեսակների մասով քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը անհերքելի է սակայն, ակնառու է, որ նման ծավալները ողջամտությունից դուրս են:
Փաստորեն 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները»:

