Բժիշկները պարզել են երկարակեցության ամենակարևոր գործոնը
Ուֆայում գործող Պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ բավարար քունը երկարակեցության համար ավելի կարևոր է, քան շատ այլ գործոններ։ Նրանք այս մասին պատմել են UfaTime.ru-ի հետ զրույցում:
Ռուս բժիշկները մեջբերել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրությունը, որը եզրակացրել է, որ քրոնիկ անքնությունը կրճատում է կյանքի տևողությունը: Նրանք նաև պարզաբանել են, որ առողջական ռիսկերի առումով այս գործոնը զիջում է միայն ծխելուն:
Հետազոտողները կարծում են, որ բավարար քունն ավելի մեծ ազդեցություն ունի կյանքի տևողության վրա, քան սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և սոցիալական կապերը։
Բժիշկները բացատրել են, որ քրոնիկ անքնությունը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի և իմունիտետի վրա, ինչպես նաև խաթարում է ճանաչողական գործառույթը: Նրանք ընդգծել են, որ բավարար քունը վաղաժամ ծերացումը կանխելու ամենահզոր և մատչելի գործիքն է:
