Բաքվում 2026թ. հավանական են համարում բենզինի և վառելիքի գնի բարձրացումը. АИ-95 տեսակի բենզին երկրում չի արտադրվում, ներմուծվում է
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվում ակտիվորեն քննարկվում է 2026 թվականին բենզինի և այլ տեսակի վառելիքի հնարավոր թանկացման հարցը: Ադրբեջանի փորձագետների դիտարկմամբ, այն կախված է նավթի միջազգային գներից, ներմուծման հետ կապված բարդություններից, դրա աղբյուրների փոփոխությունից, բայց, իհարկե, վերջին խոսքն Ադրբեջանի պետական կառույցներինն է, մասնավորապես՝ «Սակագնային խորհրդինը»:
Ադրբեջանցի տնտեսագետ Ասիֆ Իբրահիմովը երկրի լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր հերթին նկատել է, որ հարկային բեռի փոփոխությունները, մասնավորապես՝ ճանապարհային հարկի բարձրացումը, կարող են ազդել վառելիքի գնի վրա։
Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ АИ-95 տեսակի բենզինն Ադրբեջանում չի արտադրվում, այլ հիմնականում ներմուծվում է արտասահմանից, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայի երկրներից:
«Սա մեզ կախվածության մեջ է դնում ներմուծման գներից: Այս բոլոր գործոնները մեծացնում են գների բարձրացման հավանականությունը: Սակայն վերջնական որոշում կայացնողը «Սակագնային խորհուրդն» է: Ամեն դեպքում, հաշվի առնելով ընթացիկ իրողություններն ու օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունները, կարելի է ասել, որ մոտ ապագայում վառելիքի գների բարձրացման հավանականությունը բարձր է»,- մանրամասնել է Ասիֆ Իբրահիմովը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ 2026 թվականին Ադրբեջանում նախատեսված չէ АИ-95 տեսակի բենզինի արտադրություն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին մատակարարել է հենց АИ-95 տեսակի բենզին, որը ՀՀ-ում իրացվում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ (Ran Oil) և «Շիշա ուորլդ» ընկերությունների միջոցով՝ 440 դրամով:
Իսկ վերը շարադրվածն ապացուցում է, որ Ադրբեջանն այս քայլով առաջին հերթին քաղաքական և աշխարհաքաղաքական հարց է լուծում, ինչի մասին ահազանգել ենք։
