«Եկեղեցու կողքին եմ, իշխանությունն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին. կոնկրետ կրոնափոխության փորձ են անում». Նուռ

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում 10 եպիսկոպոսների կոչով հավաքված անձանց և Առաքելական եկեղեցին ու Վեհափառին պաշտպանելու գնացած քաղաքացիների միջև բախման ռիսկը բավականին մեծ էր։ Մայր Աթոռի ամբողջ տարածքը շրջափակված էր ոստիկանական բազմաթիվ ուժերով, իսկ 10 եպիսկոպոսների կողմից բերված անձինք ամեն ինչ անում էին ներխուժելու Մայր տաճար։ Թալինի քաղաքապետն այս անգամ նրանցից ամենաակտիվն էր։

Հենց այդ ներխուժման ժամանակ էլ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևորական Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հետո տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ ստենդավորել են նրա սիրտը:

Այս ամենից հետո այսօր 24News-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր հարձակման Մայր Աթոռի դեմ, և չի բացառվում, որ, օրինակ, ձերբակալեն Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Դիզայներնկարիչ, քանդակագործ Նուռի բնորոշմամբ՝ այն, ինչ հիմա անում է Հայաստանի իշխանությունը, ազգին կրոնափոխության տանելու փորձ է։

Կարդացեք նաև

«Միանշանակ այս ամենը բնութագրում եմ՝ որպես կրոնափոխության փորձ, սա ոչ թե եկեղեցու դերը նվազեցնելու համար է, այլ կոնկրետ կրոնափոխության փորձ են անում։ Ես տեսնում եմ դրան ուղղված բոլոր քայլերը, այս կառավարության նպատակը հենց դա է։

Իսկ ինչ պետք է անի հավատավոր ժողովուրդը՝ անշուշտ, պետք է լինի Սուրբ Էջմիածնում, այն էլ՝ ամբողջական կազմով»,- 168.am հետ զրույցում նշեց Նուռը։

Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունների նպատակ Մայր Աթոռում բախումներ կազմակերպելն է, ինչը չպետք է թույլ տալ։

«Այս ամենի կազմակերպիչների նպատակը բախումների տանելն է, որպեսզի բախումների հիման վրա էլ արդարացնեն ուժայինների կոշտ արձագանքը։ Սա իրենց կազմակերպած սադրիչ գործողություններն են, որ տանեն բախումների։ Իշխանությունն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին։ Այստեղ հավատավոր ժողովուրդը միակ բանը, որ կարող է անել, հավաքվել ու այդ օրը գնալ Մայր Աթոռ։ Մարդիկ այնքան շատ պետք է լինեն, որ ուժայինները չհանդգնեն որևէ քայլ իրականացնեն, եթե 100 հազարից ավելի մարդ լինի, ուժայինները որևէ բան էլ չեն կարողանա անել»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետին կալանավորելու հավանականությանը, մեր զրուցակիցը նկատեց.

«Ամեն ինչ այս կառավարությունից հավատում եմ, սա ոչ ադեկվատ պահելաձև է։ Նախևառաջ եկեղեցու գործերին միջամտելը Սահմանադրության կոշտ խախտում է, որովհետև պետությունն իրավունք չունի ներգրավվելու եկեղեցու ներքին գործերին։ Երբ իշխանությունը խախտում է սեփական երկրի Սահմանադրությունը, ապա այդ իշխանությունից ամեն ինչ սպասելի է, և ինձ ոչինչ չի զարմացնի։

Եթե կիրակի գնան Մայր Աթոռ, անշուշտ, ես այնտեղ եմ լինելու՝ եկեղեցու կողքին»։

Տեսանյութեր

Լրահոս