«Փաշինյանն այնպես է անում, որ մեր սրբություններին չհարգեն, ոտնատակ տան ամեն արժեք, որպեսզի մեր երեխաների արածը կորչի անհետ». Որդեկորույս մայր

Օրերս Գերմանիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ովքեր ասում են, թե Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք։

«Որ ասում են՝ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ի՞նչ է նշանակում։ Էդ մարդիկ մի հատ էլ թիվ են հորինում, ասում են՝ տարաք, յոթ հազար երիտասարդների գլուխը կերաք, բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ի՞նչ եք առաջարկում։ Դա ի՞նչ է նշանակում, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ի՞նչ է լինելու։ Բա ինչո՞ւ եք զոհերի համար մեղադրում, Ղարաբաղի հարցի շարունակություն՝ նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում՝ իր անկանխատեսելի հետևանքով։

Նրանք, որոնք ասում են՝ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Իրենք էլ ասում են՝ եթե ՀՀ-ում կան ուժեր, որ նոր պատերազմ պիտի անի ՀՀ-ն, Ադրբեջանն ասում է՝ ռազմական բյուջեն պետք է ավելացնենք, և արևմտյան Ադրբեջանի խոսույթ է առաջ բերում»։

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված
Արմեն Բաղդասարյանի մայրը՝ Էլիզա Բաղդասարյանը, լսել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, կրկին մեծագույն ցավ է ապրել, որ այդքան զոհեր տալուց հետո, ՀՀ ղեկավարը շարունակում է տղաների արած գործը նսեմացնել։

Կարդացեք նաև

«Այդ մարդն անխելք է, ծախված ու կամակատար, ինքն իմ երեխու կյանքի թշնամին, իմ թշնամին է, ինքս այլ բառ չեմ գտնում այդ մարդու արարքները, խոսքերը բնորոշելու։ Այդ մարդն առհասարակ ո՞վ է, որ որոշի Արցախի հարցը փակել, Արցախի հարցը չի կարող փակվել, թեկուզ մնա վերջին արցախցին, նա իրավունք ունի այդ մասին բարձրաձայնել ու պայքարել»,- 168.am հետ զրույցում նշեց Էլիզա Բաղդասարյանը։

Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանին որևէ մեկն իրավունք չէր տվել Արցախի ղեկավարության փոխարեն որոշումներ կայացնելու, քանի որ նրա որոշումների արդյունքում Արցախը կործանվեց, արցախահայերն էլ բռնի տեղահանվեցին։

«Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի փակելու Արցախի դռները և այնտեղ թուրքեր լցնելու։ Մենք ուզում ենք Արցախում ապրել, առանց թուրքի ներկայության։

Այս մարդը փորձում է այնպիսի թեմաներ դաշտ նետել, որպեսզի հանրությունը դրանով զբաղվի, իսկ ինքն իր սև գործն անի։

Այդ մարդն այնպես է անում, որ մեր սրբություններին չհարգեն, ոտնատակ տան ամեն արժեք, որպեսզի մեր երեխաների արածը կորչի անհետ»,- հավելեց որդեկորույս մայրը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ու Հայաստանում ղեկավար դառնա նորմալ մարդ։ Ասում է՝ ով ուզում է՝ թող լինի, միայն՝ ոչ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է կառավարման ղեկին այնպիսի մարդ գա, որ կարողանա այս խառնաշփոթը կարգավորի։

Թող մարդը սոված օր անցկացնի, բայց իրենց երեխաներն իրենց մոտ լինեն, ոչ թե իմ ու ինձ նման շատերի պես։ Հավատացեք, Արցախի կորուստը երբ հիշում եմ, թվում է, թե որդուս կրկին կորցրել եմ։ Առանց Նիկոլ թող լինի այս երկիրը»,- ընդգծեց Էլիզա Բաղդասարյանը։

Նշենք, որ տիկին Էլիզայի որդին՝ Արմեն Բաղդասարյանը, հուղարկավորված է Վանք գյուղում։  2023 թվականին, երբ բռնի տեղահանվել է Արցախից, չի կարողացել որդու մարմինը տեղափոխել Հայաստան։ Այսօր տիկին Էլիզան որդու շիրիմին խունկ վառելու փոխարեն՝ գնում է Եռաբլուր և խունկ է վառում այլ տղաների շիրիմներին, տարբերություն չի դնում որդու և ընկած մյուս տղաների միջև, ի վերջո, բոլորն էլ նույն բանի՝ հայրենիքի համար են իրենց կյանքը տվել։

Տեսանյութեր

Լրահոս