Մայր Աթոռը կրկին կոչ է անում 10 եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ
Մայր Աթոռը ողջունում է եպիսկոպոսաց կոչը «հարգանքով վերաբերվելու Եկեղեցու նվիրապետական կարգին», նաև նրանց արտահայտված «հավատարմությունը՝ Եկեղեցու կարգին ու կանոններին, ավանդություններին և զինվորյալ միաբանությանը»՝ վերստին հորդորելով դրսևորել այդ գիտակցությունը և վերադառնալ կանոնական դաշտ՝ գործնականում փաստելու «անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ»։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցմանը առ այն, թե ինչպես է վերաբերվում Մայր Աթոռը 10 եպիսկոպոսների նոր հայտարարությանը Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման վերաբերյալ:
«Անշուշտ, ցավալի է, որ հարաբերությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հովվապետի հետ տասը եպիսկոպոսներն իրենց նախընտրությամբ պահպանում են սոսկ հայտարարությունների միջոցով, իսկ ներկայացվող «խնդիրների» արծարծումը շարունակում ոչ թե եկեղեցական մարմիններում, Հայոց Հայրապետի հետ հանդիպումներում, այլ բոլորովին այլ հարթակներում, բոլորովին այլ, հայտնինպատակադրումներով։
Հարկ է արձանագրել, որ Մայր Աթոռը սպառիչ կերպով բերել է հիմնավորումները եպիսկոպոսաց ժողովի հետաձգման, հանգամանքներ, որոնց ճնշող ներգործության ներքո ակնհայտորեն գտնվում են նաև վերջին հայտնի հայտարարություններիհեղինակ ներկայացող Գերաշնորհ Սրբազան Հայրերը։
Մայր Աթոռը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբևէ չեն խուսափել որևէ ներեկեղեցական խնդրի շուրջ կառուցողական քննարկումից, ընդհակառակը՝ հիշյալ եպիսկոպոսներին մշտապես առիթ է ընձեռնվել մասնակից դառնալ տարբեր ժողովական մարմինների աշխատանքներին և անգամ քվեարկել Եկեղեցու կյանքում կարևոր վճիռների կայացման գործընթացում։ Ամենքին քաջ հայտնի են նաև մեր ազգային բազմադարյա պատմությամբ հղկված՝ Հայոց Եկեղեցու մոտեցումները ի շահ ազգի եկեղեցի-պետություն առողջ հարաբերությունների կարևորման և կառուցման առնչությամբ, որքան էլ որ այսօր փորձ է կատարվում այդ իրողությունը աղավաղված ներկայացնել»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանում։
