Թուրքիայում բարձրագույն կրթություն ունեցողների գործազրկությունն աճում է
Ըստ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) տվյալների՝ Թուրքիան ռեկորդային ցուցանիշներ է գրանցում բարձրագույն կրթություն ունեցող անձանց գործազրկության մակարդակի տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տվյալները վկայում են, որ դիպլոմի և զբաղվածության միջև կապը թուլացել է և անհրաժեշտ է վերանայել բարձրագույն կրթության և զբաղվածության միջև եղած համապատասխանությունը։
«OECD»-ի տվյալների համաձայն՝ 15-74 տարեկան անձանց շրջանում ընդհանուր գործազրկության մակարդակը ներկայացված է կապույտ, իսկ բարձրագույն կրթություն ունեցող անձանց գործազրկությունը՝ կարմիր կետերով։
Մինչ մի շարք եվրոպական երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Ֆրանսիան և Իսպանիան, կարմիր կետը միշտ գտնվում է կապույտից ցածր, Թուրքիայում իրավիճակը հակառակն է։ Թուրքիայում բարձրագույն կրթություն ունեցող անձանց գործազրկության տոկոսն սվելի բարձր է, քան ամբողջ երկրի գործազրկության միջին ցուցանիշը։
Լրագրող Ուսալ Շահբազի կարծիքով՝ Թուրքիայում բարձրագույն կրթություն ունեցող անձանց գործազրկության աճի հիմնական պատճառը շրջանավարտների թվի ավելացումն է, ինչը գերազանցում է տնտեսության կարիքները։
Շահբազը նշում է, որ վերջին 15 տարում բարձրագույն կրթություն ունեցող անձանց թիվը կրկնապատկվել է: Նրա խոսքով՝ այս ամենին զուգահեռ բացվել են բազմաթիվ համալսարաններ, որոնք էլ սակայն բավարար հետազոտական ենթակառուցվածքներ չունեն, ինչն էլ հանգեցրել է բարձրագույն կրթության համակարգի ծանրաբեռնմանը:
