Թուրքիայի հյուսիս-արևմուտքում կկառուցվի երկրի ամենամեծ դատարանը
Ինչպես հայտնում է թուրքական «Sabah» թերթը, Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի կողմից դատաիրավական համակարգում դատական լսումների սրահների ներկայիս վիճակի վերաբերյալ արված համապատասխան ուսումնասիրություններից հետո «Թուրքիայի բնակարանային շինարարության վարչության» (TOKİ) կողմից մեկնարկել է 11.000 քմ տարածքով փակ կոմպլեքսի կառուցում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ կոմպլեքսի մեջ ներառված սրահը նախատեսվում է կառուցել այնպես, որ միաժամանակ հնարավոր լինի ընդունել 555 մեղադրյալի, 1.268 փաստաբանի և 472 ունկնդրի:
Անվտանգային նկատառումներից ելնելով լսումների ընթացքում ծառայություն է իրականացնելու 500 ժանդարմ, իսկ կասկածյալները լսումների սրահ են բերվելու ընդհատակյա թունելներով: Շինաշխատանքներն ավարտվելու են 60-120 օրվա ընթացքում:
Հավելենք, որ 3.340 քմ մակերեսով դատալսումների սրահ ներառող շենքը կառուցվում է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիլվիրի քաղաքում: Շինաշխատանքների ավարտվելուն պես այն դառնալու է Թուրքիայի ամենամեծ դատական լսումների սրահը:
