Իսրայելական զորքերը ներխուժել են սիրիական Կունեյտրայի նահանգ. SANA
Իսրայելական ուժերը նոյեմբերի 12-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի նահանգի հարավային շրջաններ։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Նշվում է, որ իսրայելական ուժերն անցակետ են տեղադրել Աբու Ղարա գյուղը Սուիյսա գյուղաքաղաքին կապող ճանապարհի վրա՝ խոչընդոտելով խաղաղ բնակիչների անցումը և խուզարկությունների ենթարկելով նրանց։
Բացի այդ, նոյեմբերի 11-ին իսրայելական ուժերը նաև ներխուժել են Կունեյտրայի աս-Սամդանիա և ալ-Մուշայրիֆա գյուղեր։
Սիրիան դատապարտել է իսրայելական հարձակումները՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար։
Սիրիայում Իսրայելի ռազմական բազաները տարածվում են Հերմոն լեռան գագաթից մինչև Յարմուքի ավազան։ Կունեյտրայում առկա է ութ, իսկ Դարաայում՝ մեկ ռազմաբազա։
2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը շարունակում է խախտումներ իրականացնել՝ գրեթե ամեն օր ներխուժելով սիրիական Կունեյտրայի և Դարաայի նահանգների բնակավայրեր։
Սիրիական կողմը հայտնում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

