
Դոդոնը կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին բողոքի ցույցի դուրս գալ Մոլդովայի խորհրդարանի շենքի մոտ

Մոլդովայում ընտրություններից առաջ կազմված «Սոցիալիստների, կոմունիստների և Մոլդովայի ապագան» դաշինքը կոչ է արել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին բողոքի ակցիայի դուրս գալ խորհրդարանի շենքի մոտ։ Այդ մասին հայտարարել է Մոլդովայի նախկին նախագահ և սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը:
«Ես շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցության համար և դաշինքի գծով իմ գործընկերներին՝ ներգրավվածության համար։ Մենք տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը խուճապի մեջ է, հատկապես սփյուռքի արդյունքներից հետո, որտեղ նրանք ավելի մեծ թվով ձայների հույս ունեին։ Մենք գրանցել ենք մի շարք խախտումներ։
Մեզ համար ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը պարտվել է ընտրություններում։ Ընդդիմությունը հաղթել է, և մենք պետք է միասին պաշտպանենք այս հաղթանակը։ Ես կոչ եմ անում բոլոր ընդդիմադիր կուսակցություններին երկուշաբթի օրը կեսօրին ցույցի դուրս գալ խորհրդարանի շենքի մոտ։
Առանց կուսակցական դրոշների և ատրիբուտների մենք պետք է միավորվենք մեր ընտրություններում հաղթանակը պաշտպանելու համար։ Սա կլինի խաղաղ, ոչ բռնի բողոք», – ասել է Դոդոնը։ Դաշինքի կազմի մեջ մտնում են Սոցիալիստների կուսակցությունը, «Մոլդովայի ապագան» կուսակցությունը և Կոմունիստների կուսակցությունը: