Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի քաղաքացին է. Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը գրում է. «Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով՝

բանավոր և գրավոր բոլոր հնարավոր եղանակներով բառիս բուն իմաստով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի քաղաքացին հանդիսանում է, որի պետական գաղտնիքներին ամբողջությամբ տիրապետում է, որի անունից հանդես է գալիս և սեփական գործողություններն ու հայտարարությունները վերագրելի դարձնում այդ պետությանը,

գիտակցում է, որ սեփական գործողությունների պատճառով այդ պետությունն՝ իր նահատակված, ապրող և ապագա, նույնիսկ դեռ չծնված քաղաքացիներով հանդերձ, դառնում է թշնամական պետության իրավական, ռազմական, ֆինանսական և այլ պահանջների գերին,

առիթը բաց չի թողնում ֆիզիկապես և հոգեբանորեն փոքրացնելու սեփական պետության տարածքն ու էությունը, դրա հոգևոր-մշակութային և նաև նյութական նշանակությունը, խեղաթյուրելու պետության բնույթն ու դրա խորհրդանիշների ազգային նշանակությունը,

ի խորոց սրտի ընդունում և պաշտպանում է անթաքույց թշնամական պետությունների պահանջներն ընդդեմ սեփական պետության, համագործակցում է նրանց հետ ընդդեմ սեփական պետության քաղաքացիների (այդ թվում՝ թշնամու կողմից գերեվարված), ում սահմանադրորեն կոչված էր պաշտպանելու,

այս շարքը կարելի է շարունակել ․․․

Հ․Գ․ Ինչ տեսակի ու չափի դրդապատճառ (մոտիվացիա) դնեք նման վարքագծի տակ, եթե առկա չէ նրա հոգեկան հիվանդությունը հաստատող փաստաթուղթ, և եթե անգամ իրավաբան չեք ու Քրեական օրենսգրքի հոդվածներին չեք տիրապետում, կարող եք առնվազն բարոյական մակարդակում հարցի պատասխանն ունենալ»։

Տեսանյութեր

Լրահոս