Բաժիններ՝

Կալասը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ

Եվրահանձնաժողովն ընդունել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, մինչև երկիրը դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը։ 

Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ X-ում ներկայացնելով նոր փաթեթի վերաբերյալ մանրամասներ։ 

«Էներգակիրների վաճառքից ստացվող գումարը թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել պատերազմը։ Այնպես որ, մենք կթիրախավորենք այդ եկամուտները՝ 118 նոր նավեր դասակարգելով որպես ստվերային նավատորմ», – գրել է Կալասը։ Նա նաև հայտնել է, որ Եվրամիության նպատակն է արագացնել ռուսական հեղուկացված բնական գազից փուլային հրաժարումը մինչև 2027 թ. հունվարի 1-ը։Կալասը նաև նշել է, որ պատժամիջոցների նոր փաթեթում առաջարկվում է գործողություններ ձեռնարկել երրորդ երկրներում ֆինանսական խուսանավման ռուսական սխեմաների դեմ։ Այս առնչությամբ կթիրախավորվի նաև ռուսական կրեդիտ քարտերի ՄԻՐ համակարգը։ 

«Մենք մեր արտահանման արգելքներին և Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի ու Հնդկաստանի կազմակերպությունների նկատմամբ արտահանման ավելի խիստ վերահսկողությանն ավելացնում ենք ավելի շատ քիմիական նյութեր, մետաղական բաղադրիչներ, աղեր և հանքաքարեր», – գրել է Կալասը։

Նա հավելել է, որ այսօրվա փաթեթով առաջարկվում է պատժամիջոցների ցանկում ավելացնել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցություն տրամադրող այնպիսի երրորդ երկրներ, ինչպիսին է Չինաստանը։ 

«Մենք նաև պատրաստվում ենք ավելի հեշտացնել ուկրաինացի երեխաների առևանգմանը և ինդոկտրինացիային մասնակցող անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը», – հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս