
Թրամփ-Սթարմեր մամուլի ասուլիսի գլխավոր թեմաները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետական այցով գտնվում էր Միացյալ Թագավորությունում, իր այցի երկրորդ օրը համատեղ մամուլի ասուլիս է տվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։
BBC-ն առանձնացրել է մոտ մեկ ժամ տևած ասուլիսի հիմնական թեմաները։Թրամփը շատ ջերմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին, սակայն նշել է, որ ինքը և Սթարմերը տարաձայնություններ ունեն Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Մեծ Բրիտանիայի որոշման շուրջ։
Թրամփի խոսքով՝ դա իր և Սթարմերի միջև «քիչ տարաձայնություններից» մեկն է։Սթարմերն իր հերթին նշել է, որ առաջիկա օրերին Բրիտանիան կճանաչի պաղեստինյան պետականությունը՝ շեշտելով, որ երկրում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժումը չպետք է որևէ դերակատարում ունենա պաղեստինյան պետության ապագայում։
Թրամփը նաև անդրադարձել է Մեծ Բրիտանիայի անօրինական ներգաղթի խնդրին՝ առաջարկելով, որ Սթարմերը զինվորականներին ներգրավի դրա դեմ պայքարի գործում։ Երկու ղեկավարները միասնական են եղել Ռուսաստանին քննադատելու հարցում։
Սթարմերը դատապարտել է Կիևի վրա Մոսկվայի վերջին հրթիռային հարձակումները՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին գործողությունները չեն վկայում այն մասին, որ նա խաղաղություն է ցանկանում։ Նա շեշտել է Մոսկվայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։
Թրամփը ևս մեկ անգամ ասել է, որ Պուտինը հիասթափեցրել է իրեն՝ խոստովանելով, որ կարծում էր, թե Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ Նա հավելել է, որ չի զղջում Ալյասկայում Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Թրամփը նշել է, որ չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունն ԱՄՆ-ի վրա չի ազդում, սակայն ինքը պարտավորված է զգում դադարեցնել պատերազմը։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է կրկին վերահսկողություն հաստատել Աֆղանստանի Բագրամ ավիաբազայի նկատմամբ։
Նրա խոսքով՝ «Թալիբան»-ի հետ բանակցություններ են տարվում, որ ամերիկյան ուժերը կրկին զբաղեցնեն ավիաբազան, որը կարևոր նշանակություն ունի Չինաստանին մոտ գտնվելու պատճառով։ Երկու ղեկավարներին հարց են ուղղել նաև ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպան Փիթեր Մենդելսոնի մասին, որին Սթարմերը հեռացրել է պաշտոնից սեռական ոտնձգությունների համար դատապարտված և բանտում մահացած Ջեֆրի Էփշթեյնի հետ կապերի համար։ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել դա, իսկ Սթարմերը կրկնել է իր նախկին պնդումը, որ լորդ Մենդելսոնին հեռացրել են պաշտոնից Էփշթեյնի հետ կապերի վերաբերյալ նոր տեղեկությունների պատճառով։
Իր այցի առաջին օրը ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը Վինձորի ամրոցում ճոխ ընդունելության էին արժանացել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի և թագուհի Քամիլայի կողմից։