
Հութիները Կարմիր ծովում իսրայելական նավթատար նավ են թիրախավորել

Եմենի հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովի հյուսիսում թիրախավորել են իսրայելական նավթատար նավ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարության մեջ պարզաբանել է, որ Եմենի ռազմածովային ուժերը Կարմիր ծովի հյուսիսում բալիստիկ հրթիռով թիրախավորել են իսրայելական Scarlet Ray նավթատար նավը՝ հավելելով, որ գործողության արդյունքում հրթիռն ուղիղ հարված է հասցրել նավին։
Եմենի հութիների այս գործողությունն իրականացվել է պաղեստինյան ժողովրդին աջակություն ցուցաբերելու շրջանակում։
Հաղորդագրությունների համաձայն՝ նավի անձնակազմի անդամները չեն տուժել, և նավը շարունակում է նավարկել նախանշված ուղղությամբ։
Scarlet Ray-ը հանդես է Լիբերիայի դրոշի ներքո, սակայն ըստ Ambrey անվտանգության ընկերության՝ այն պատկանում է Իսրայելին։Նավի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախորդող օրերին Եմենի մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել են եմենցի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկրի վարչապետը։
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացնում Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի վրա։
Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են Կարմիր ծովում իսրայելական նավերի, ինչպես նաև Իսրայելում տարբեր շրջանների թիրախավորումները՝ ի աջակցություն Պաղեստինի՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։