Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը

Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը։ «Tasnim»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, որը Երևանում է գտնվում ԻԻՀ–ի պաշտոնական պատվիրակության կազմում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են։

Ինչպես նշել է Սադեղը, նախնական համաձայնեցված են Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գործող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարեկարգման, ինչպես նաև բեռնատարների համար տուրքերի վերանայման հարցերը։

«Այս քայլերը թույլ կտան հեշտացնել բեռնափոխադրողների աշխատանքը և լիարժեք տարանցիկ փաթեթ ձևավորել։ Փաթեթի կազմումը կավարտվի առաջիկա ամիսներին», – ասել է իրանցի նախարարը։

Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղային նախագծերին։ Սադեղը ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գիծը։ Իրանում ճանապարհն արդեն հասնում է Ջուլֆա, իսկ Ջուլֆա-Երևան ուղղությունը հաստատվել է։

Բացի այդ, կողմերը պատրաստվում են օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հուշագիր ստորագրել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով` օրակարգում ներառված է նաև համագործակցությունը նավահանգստային ենթակառուցվածքների ոլորտում։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերին գտնվող Իրանի հարավային նավահանգիստների լոգիստիկ ներուժը։

«Այս նախաձեռնությունները ամուր հիմք կստեղծեն Իրանի, Հայաստանի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև տարանցումը զարգացնելու համար», – նշել է Սադեղը։

Միևնույն ժամանակ Երևանում համաձայնեցվել է նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Երևանը և Թեհրանը շարունակում են քննարկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական կողմերը։

Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի նախագծային աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին։ Երևանում քննարկվել է նաև 1995 թվականին կառուցված գործող կամրջի կողքին զուգահեռ շինարարության հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս