
Թեհրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությունը նոր ձև կընդունի. Արաղչի

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունն այժմ նոր ձև կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պետական IRIB հեռուստառադիոընկերությանը հարցազրույցում։
«Այսուհետ մեր հարաբերությունները գործակալության հետ նոր ձև կստանան։ Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հստակեցրել է (ԱԷՄԳ-ի հետ համագործակցության) ուղին, համագործակցության տեսակի շուրջ որոշումը թողնվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայեցողությանը», – ասել է նա IRIB-ին։
Նախարարը հավելել է, որ տեսչական ստուգումները կասեցվել են, և Իրանը ներկայում հնարավորություն չի տեսնում ԱԷՄԳ-ի տեսուչներին ընդունելու համար։ «Մենք դեռ որոշում չենք կայացրել անձամբ Գրոսիին ընդունելու առնչությամբ, իսկ ինչ վերաբերում է տեսուչներին, ապա պետք է ուսումնասիրենք՝ արդյոք դա կհամապատասխանի խորհրդարանի օրենքի դրույթներին», – նշել է Արաղչին։
Նա հավելել է, որ միջուկային օբյեկտներին ամերիկյան ավիահարվածների հասցրած վնասը «մեծ է և լուրջ»: Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին ԱԷՄԳ-ի հետ երկրի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագծի տեքստը:
Հունիսի 26-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատեց այս փաստաթուղթը: Այժմ այն պետք է ուղարկվի երկրի նախագահին՝ ստորագրման համար:
Ինչպես բացատրել է խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, Իրանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել գործակալության հետ փոխգործակցությունը, քանի որ այն պաշտպանում է Իսրայելին և «պատերազմի հող է նախապատրաստում»: