
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր է ստորագրվել։
Նրա ելույթի տեսանյութը տարածել է New York Post-ը:
«Մենք երեկ Չինաստանի հետ համաձայնագիր ստորագրեցինք։ Մենք սկսում ենք բացել Չինաստանը մեզ համար, ինչը երբեք իրականում տեղի չէր ունենա», – ասել է Թրամփը։ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի մշակման մասին։
«Մենք ունենք գործարք, գուցե Հնդկաստանի հետ՝ շատ մեծ գործարք, որի շրջանակներում մենք բացելու ենք Հնդկաստանը», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ անհնար կլինի մաքսատուրքերի շուրջ համաձայնագրի հասնել յուրաքանչյուր երկրի հետ, որը ցանկանում է դա։«Մենք պարզապես նամակ կուղարկենք նրանց և կասենք՝ շատ շնորհակալություն, դուք կվճարեք 25%, 35%, 45%», – նշել է Թրամփը։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկն ավելի ուշ Bloomberg TV-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Թրամփի նշած ստորագրումը տեղի է ունեցել երկու օր առաջ, և որ այն ամրապնդել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մայիսին Ժնևում և հունիսին Լոնդոնում կայացած առևտրային բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները։
Նա նշել է, որ մինչև հուլիսի 9՝ Թրամփի կողմից սահմանված վերջնաժամկետը, դեռ բազմաթիվ համաձայնագրեր են կնքվելու։