Բաժիններ՝

ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը՝ առանց իր կողմից որևէ կորստի. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ իր երկիրը ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը՝ առանց որևէ կորուստ կրելու։ Վենսի ելույթի տեսանյութը տարածել է NBC News-ը:

«Ամերիկացիների համար, որոնք մտահոգված են, թե սա կարող է վերածվել երկարատև հակամարտության, կարծում եմ, նախագահը դա լուծել է շատ արագ: Մենք ոչ միայն ոչնչացրել ենք իրանական միջուկային ծրագիրը, այլև մենք դա արել ենք առանց ամերիկացիների կողմից որևէ կորստի», – հայտարարել է Վենսը՝ Օհայոյի նահանգում հանդես գալով Հանրապետական ​​կուսակցության ընթրիքի ժամանակ։ 

Վենսը նշել է, որ դա հնարավոր է դարձել «ուժեղ ղեկավարության» և «Թրամփի դոկտրինին» հետևելու շնորհիվ։

«Այն, ինչ ես անվանում եմ Թրամփի դոկտրին, բավականին պարզ է։ Նախ, հստակ արտահայտում եք ամերիկյան շահը, և այս դեպքում դա այն է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Երկրորդ, փորձում եք ագրեսիվ դիվանագիտական ճանապարհով լուծել այդ խնդիրը։ Եվ երրորդ, երբ չեք կարող լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով, ապա ճնշող ռազմական ուժ եք օգտագործում այն լուծելու համար, ապա հեռանում եք, նախքան այն կվերաճի երկարատև հակամարտության։ Դա է Թրամփի դոկտրինը», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի վաղ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով հետախուզության աղբյուրներին, հայտնել էին, թե ամերիկյան հարվածները չեն կարողացել վերացնել իրանական միջուկային ծրագրի հիմքերը և Իրանի միջուկային ծրագիրը հետ են մղել վեց ամսից էլ պակաս ժամանակով։ ԱՄՆ նախագահն այս հաղորդագրությունները համարել է կեղծ՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտները «լիովին ոչնչացված են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս