Արցախի մասին խոսելը նույն ռեակցիան է առաջացնում Ադրբեջանում և Հայաստանում. Նաթան սրբազան

Դիվանագիտության միջոցով Հայաստանյաց առաքելական եկեղեցին բավական ակտիվ դեր է խաղում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ միջազգային տարբեր հարցեր լուծելու վրա որոշակի ազդեցություն ունենալով.  «Հայ Առաքելական Եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովին հայտարարեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Թե որքանով է դա ճանաչվում, գնահատվում, կարևոր չէ, ի վերջո, այս ամենն արվում է ոչ թե գնահատանքի համար, այլ արվում է ազգի, պետության, պետականության և համազգային շահերի համար»,-ասաց նա։

Նաթան արքեպիսկոպոսը հիշեցրեց, որ երբ դիվանագիտությունը պարտվում է՝ սկսվում է պատերազմը. «Եկեղեցական դիվանագիտությամբ փորձել ենք կանխել պատերազմ, հակամարտություններ, որոնք ոչ միայն քաղաքական կարող են լինել, այլև կարող են լինել նաև միջկրոնական, միջեկեղեցական, նույնիսկ ներեկեղեցական»։

Սրբազանը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն կրոնական հարցերով է զբաղվում, այլ նաև կատարում է  որոշակի դիվանագիտական աշխատանք, որն ուղղված է ՀՀ-ի արտաքին շահերի պաշտպանությանը։ «Կարևոր կապող օղակ է հանդիսանում ՀՀ-ում և սփյուռքում, նաև միջազգային իմջի ամպարդման դեր ունի։ Հայ առաքելական եկեղեցին որպես համազգային, վերկուսակցական, պատմական մի հաստատություն, բոլոր հայերին՝ անկախ ապրելու տեղից, քաղաքական, կուսակցական պատկանելությունից, դավանական պատկանելությունից, ընդունում է որպես իր զավակներ, այսինքն՝ մենք պարտականություն ունենք նրանց կյանքի և՛ հոգևոր, և՛ ոչ միայն հոգևոր խնամքի համար»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս