
G7-ի ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան հակամարտության քաղաքական կարգավորումը

Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը: Այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին:
«Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու և մշտական հիմունքներով անհապաղ կրակը դադարեցնելու կարևորությունը: Ղեկավարները նաև խոսել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին, որը թույլ կտա հասնել կայուն խաղաղության», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարները քննարկել են Իսրայելի հակամարտությունները Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման, ինչպես նաև Իրանի հետ: Կանադայի վարչապետը մեջբերումներ է արել G7-ի՝ հունիսի 16-ին հրապարակված հայտարարությունից, որի համաձայն Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորումը պետք է հանգեցնի տարածաշրջանի լարվածության թուլացման: